298
Ասմաթն ասաց. «Առյո՛ւծ, սակայն, չի՛ մեղմանա հուրդ արցունքով
Կամ ես ինչպե՞ս վիշտդ պատմեմ, զի չէ պատշաճ սովորույթով,
Ես տեսնում եմ, կտրիճն այս խենթ քեզ օգնել է ուզում իրոք
Վերքիդ պատճառ նախ իմանալ, ապա անել կարի յուրոք։
299
Խնդրում էր ինձ ու պաղատում, որ քո մասին պատմեմ նրան.
Աստված չանի՝ ինչպե՞ս տայի ես զորություն լեզվիս այդքան։
Թե իմանա՛, այդ եմ կարծում, ուրախառիթ քեզ բան կանի,
Բայց ամենից լավը այն է, ինչ որ վերին երկինք կամի։
300
Այդ խոսքերից հանգստացավ Տարիելը կիզված, վշտոտ,
Եվ Ասմաթին ասաց. «Սակայն մերձավոր ես այնուստ ինձ մոտ,
Դու հո գիտե՛ս՝ բուժում չկա՝ սրտիս վերքին խոր խարանած,
Եվ կտրիճն է արդ ինձ կիզում՝ լացով իրա, արցունք դառած»։
301
Դարձավ հյուրին. «Ով որ մեկին իրեն եղբայր կամ քույր անի,
Պետք է ամեն մի ցավ ու մահ նրա համար նա հանձն առնի.
Աստված մեկին ինչպե՞ս պահի, չկործանի թե երկրորդին,
Այժմ լսիր՝ քեզ ես պատմեմ—և ինչ կուզե՝ գա իմ գլխին»։
302
Եվ Ասմաթին ասաց. «Ինձ մո՛տ նստիր և ջուր բեր ինձ համար,
Ցողիր, եթե ուշաթափվեմ և ինձ ուշքի՛ բեր անդադար,
Իսկ թե մեռնեմ, լա՛ց իմ վրա և բարձրացրու դու ողբ ու կոծ,
Շիրի՛մ փորիր դու ինձ համար, սև հո՛ղն արա ինձ օրորոց»։
303
Ու պատմելու նստեց ահա, օձիքն արձակ, ուսը թեթև,
Եվ շողք չուներ երկար-երկար՝ ամպոտ նստած որպես արև.
Նա չէր կարող բերան բանալ, շուրթերն ամուր իրար հպեց,
Ապա հանկարծ նա հառաչեց, ճչաց և ջերմ արցունք թափեց։
{{տող|304}Ողբում էր նա. «Վա՛յ, սիրեկան, վայ իմ կորած ով մտերիմ,
Ով դու իմ հույս, իմ սիրտ, իմ կյանք, ով դու հոգիս, միտքը դու իմ,
Ես չգիտեմ՝ ով քեզ կտրեց, դու եդեմում տնկած իմ ծառ,
Սի՛րտ իմ, հարյուր անգամ այրված, ինչո՞ւ ընդմիշտ չմոխրացար»։