Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԸ ՊԱՏՄՈՒՄ է ԱՎԹԱՆԴԻԼԻՆ ԻՐ ԳԼԽՈՎ ԱՆՑԱԾԸ

305 «Լսի՛ր դու արդ, ուշով լսիր, ինչ եկել է գլխիս՝ պատմեմ,
Անցուդարձը պատմեմ մեկ-մեկ, թե իսկ լեզուս հազիվ շարժեմ.
Նրանից, ով խենթացրեց, էլ ցնծություն չեմ սպասում,
Ով հիշատակ թողեց միայն՝ վիշտ և արցունք—արյան հոսում։

306 Յոթ տիրություն Հնդկաստանում—ամեն մարդ է դրան տեղակ,
Փարսադանն էր վեցին տիրում՝ տեր-տիրակալ ինքը մենակ,
Առատաձեռն, հարուստ, խիզախ, արքաների հանդեպ իշխող,
Մարմնով՝ առյուծ, դեմքով՝ արև, ռազմին գիտակ, կռվում հաղթող։

307 Հա՛յրս էր գահին յոթերորդի, արքա սարսող ոսոխներին,
Նրա անունն էր Սարիդան, թշնամու դեմ՝ նա անխնին.
Ոչ ոք նրան վիրավորել չէր հանդգնի թեկուզ թաքուն,
Որս էր անում ու խրախճանք, չուներ կյանքում նա դառնություն։

308 Ատում էր նա մենակություն, ու մի թախիծ տիրեց նրան.
Ասաց․ «Հաղթուն առել եմ ես իմ թշնամուց ափ ու սահման
Եվ ապահով, փառոք նստել, ունեմ և՛ խինդ, և՛ ահ-ազդակ.
Կերթամ հիմա և կմտնեմ Փարսադանի հովանու տակ»։

309 Նա որոշեց Փարսադանի մոտ ուղարկել պատգամավոր,
Հանձնարարեց. «Դու ես համայն Հնդկաստանի տեր, թագավոր.
Ուզում եմ արդ ես ձեր առաջ ցանկությունը սրտիս անել.—
Հավատարիմ ծառայության բարի անուն ինձնով թողնել»։