310
Երբ Փարսադանն այդ լուրն առավ՝ ուրախության բացեց հանդես,
Ապսպրեց. «Տեր ցամաքիս՝ փառք եմ տալիս աստծուն իմ ես.
Քանի որ այդ վճռել ես դու, ինձ պես արքադ Հնդկաստանում,
Արի ինձ մոտ, այնպես պատվեմ՝ հայրն է ինչպես, եղբայր պատվում։
311
Ու շնորհեց մեկ պետություն, նաև պաշտոնն ամիրբարի.
Ամիրբարն է կրում Հինդում պաշտոնն ամիր-սպասալարի։
Երբ գահ նստեց՝ նա չէր նեղվում—–իշխանություն նորից ուներ—
Տեր էր լրիվ, իրոք միայն՝ անուն-կոչում չուներ կայսեր։
312
Արքան հորս վերաբերվեց ինչպես իրեն հավասարի,
Օհ, անիծվի օրը թող այն, երբ տրվեցի ամիրբարին,
Նրանք կռվում, որսում էին, ոսոխ հարկում դաշնադրման։
Ես չեմ նման հորս այնպե՛ս, ինչպես ա՛յլը չէ ինձ նման։
313
Բայց չունեին ժառանգ արքան ու թագուհին արևաշուք,
Տխուր էին. եղավ և պահ — զորքն էլ ապրեց ահի շշուկ,
Օհ, անիծվի օրը թող այն, երբ տրվեցի ամիրբարին,
Արքան ասաց. «Որդի առնենք, ինքն էլ սերմամբ մեր է զարմին»։
314
Տարան արքան ու թագուհին, ինձ դարձրին իրենց որդի,
Պահում էին տեր կարգելու՝ երկրի ամեն, բոլոր զորքի,
Գիտնոց տվին ինձ վարժելու արքայական նիստ ու կացի.
Հասունացա-նմանվեցի՝ աչոք արև, տեսք՝ առյուծի։
315
Ասմա՛թ, դու էլ վկա ես հո իմ ունեցած գեղեցկության.
Շքե՛ղ էի ես քան արև, հանց արշալույս առավոտյան,
Ով տեսնում էր՝ այն էր ասում. «Եդեմում է կարծես բուսել»,
Իմ այն օրվա տեսքից հիմա լոկ ստվե՛ր եմ ես մնացել։
316
Հինգ տարեկան էի արդեն, երբ թագուհին հղիացավ»,—
Երբ այս ասաց՝ հոգոց հանեց, արցունքով թե՝ «աղջիկ ծնավ»։
Քիչ էր մնում ուշաթափվեր, Ասմաթը ջուր կրծքին ցանեց.-
Ասաց. «Արև՛ էր ի ծնե, ում հուրն հիմա հոգիս այրեց։
317
Ու չի ասվի գովքը նրա՝ լեզվով մարդու, իմ այս խոսքով,
Խրախճանո՛ւմ է Փարսադանն աղմկալի հանդեսներով.
Եվ արքաներ եկան հանուր՝ ընծաներով հույժ բազմագույն,
Գանձարանի՝ դռները բաց, նվերներով զորքը լեցուն։