Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

318 Ետ հանդիսի ծննդության կրթում էին մեզ միասին,
Երրորդում էր նա այն օրից արեգակի շուք ու լույսին,
Իսկ թագավորն ու թագուհին սիրում էին մեզ հավասար։
Այժմ կասեմ՝ սիրտս բոցով հրկիզողի անունը վառ»։

319 Անունն ահա՛ ուզում էր տալ—և կտրիճը ուշաթափվեց,
Ավթանդիլի լացն էլ եկավ, հրով նրա՝ սիրտը տարվեց,
Ասմաթն իսկույն ուշքի բերեց—ջուր շաղ տվեց նրա կրծքին,—
Շնչեց, ասաց․ «Լսիր, սակայն, հասել է իմ օրը վերջին։

320 Նեստան-Դարեջա՛ն էր անուն, այդպես էին կոչել նրան,
Յոթ տարեկան երբ որ դարձավ՝ համեստ էր նա, ուշի՛մ այնքան,
Նման՝ լուսնին գեղով իրա, չհաղթված արեգակից,
Չէ՛ր դիմանա բաժանումին — սիրտն իսկ ալմաստ, թրծած նորից։

321 Եվ նա այսպես հասունացավ, ես՝ ընդունակ դարձա մարտի,
Ինքն էր արքան հսկում նրան՝ արքայության կարող հաստի,
Իսկ ինձ հորս տվեց նորից, դարձել էի այնքան հասուն—
Բուրթի խաղում, գնում որսի, որպես կատվի՝ առյուծ խոցում։

322 Արքան մի նոր պալատ շինեց, մեջն՝ աղջկա համար մի տուն,
Կերտված էր նա փազար քարից, պատգարակը՝ հակնթակուռ,
Ցածում պարտեզ և շատրվան՝ ճոrով բերած վարդաջրով,—
Ահա այստե՛ղ էր նա ապրում, ինձ այրողը իրեն հրով։

323 Գիշեր ցերեկ ծխվում էր միշտ այնտեղ հալվեն խնկամանում
Կամ մնում էր քոշկում նստած և կամ պարտեզ հովի իջնում։
Արքայի քույր Դավար այրին, Քաջաստանում ամուսնացած,
Իմաստության դասեր տալու նրա մոտ էր նշանակված։

324 Օքսինոներ և շարդեներ սրահն էին պատում նրա,
Կարոտ էինք աչքով նրան, դեմքով դարձավ վարդ ու մինա.
Ասմաթն էր ու ծառայք երկու՝ նարդու խաղով զվարճանում,
Անդ մեծանում, առնում հասակ, ինչպես աճած Գաբավոնում։

325 Ու տաս և հինգ ես տարեկան՝ ինչպես որդու՝ սիրով արքան,—
Նրա առա՛ջ ցերեկը ողջ, տուն չէր թողնում քնի անգամ.
Ուժով առյուծ, տեսքով արև, ծառ հասակով եդեմական,
Ասպարիզում, նետ նետելով՝ գովեստների էի արժան,