Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԻԵԼԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՐԱՀԱՐՈԻԹՅԱՆ

333 Ապա փոքր-ինչ լացից հետո, իր պատմությունն արեց նորից.
«Դառնում էինք ես ու արքան մեր գնացած օրվա որսից,
Նա թե «Այցենք իմ աղջկան»,— ասաց, ինքը ձեռս բռնեց․
Չե՞ս զարմանում, որ հիշելով այդ ժամը դեռ ապրում եմ ես։

334 Արքան ասաց, որ հետս իր դստեր համար թուրաջ առնեմ․
Ես էլ առա և գնացի, որ ինքս ինձ բոցում այրեմ,
Ու այդ օրից հատուցեցի տուրքն անցավոր այս աշխարհի,
Ալմասե տեգ պետք է լիներ, որ խոցեր իմ սիրտը սալի։

335 Տեսա պարտեզ չքնաղ բոլոր պարտեզներից է՛լ ավելի,
Թռչունների ձայն էր լսվում՝ սիրինոսի՛ց իսկ հաճելի,
Մեջն երևում էին ճոռեր և լողարան վարդաջրով,
Ապարանքի դուռն էր փակվում օքսինոսի վարագույրով։

336 Հայտնի էր ինձ,— խորշում էր նա,— իր արևին մեկը նայի,
Ուստի դրսում ես կանգնեցի, արքան՝ անցավ ներս փարդայի։
Չէի տեսնում ոչինչ, միայն՝ լսվում էին ձայներ ներսից։
Ասմաթին էր հրամայել՝ առ թուրաջներն ամիրբարից։

337 Այսկույս էի վարագույրից, Ասմաթն զգույշ փարդան բացեց-
Ես աղջկան տեսա — հանկարծ՝ տեգն իմ սիրտը, միտքս խոցեց.
Ասմաթն եկավ, ուզեց և ես թուրաջները տվի նրան.
Վայ ինձ, ահա այդ օրից է, ինչ ինձ այրեց սիրո քուրան։