338
Արդ մթնել է այն լուսատուն, որ արևից էր գերազանց»,
Վերհիշելուն չդիմացավ, դառն հառաչեց, ուշքը գնաց.
Ավթանդիլի և Ասմաթի կոծն էր բռնել ողջ դար ու փոս,
Կանչում էին. «Ախ, թուլացան սարսափ քաջաց—բազկունք հերոս»:
339
Ասմաթը ջուր ածեց վրան, ու Տարիելն ուշքի եկավ,
Բայց անկարող դեռ խոսելու, վիշտը նրա սիրտը առավ.
Նստել էր և՝ դա՛ռն հառաչում, արցունք էր նա հողին խառնում,
Ասաց. «Ամեն վերհիշելիս, ավաղ, սարսափն է ինձ բռնում։
340
Ով տարվում է այս աշխարհով, նրա տված նյութով սնվում,
Հրճում ունի, բայց անփոշման վերջում նորից չի ազատվում.—
Գովում եմ խելքն իմաստունի, որ հլու չէ այս աշխարհիս,
Պատմությունս դու դեռ լսիր, քանի շունչ կա դեռ բերանիս։
341
Թուրաջները պահանջեցին, հանձնել միայն կարողացա,
Ուս ու բազուկ իմ թուլացան և ուշաթափ ես վայր ընկա.
Ուշքի գալով, ես լսեցի աղաղակներ, վայոց ու լաց.
Պատել էին ինձ ջալաբներ, կարծես նավի մեջ խառնված:
342
Պառկած էի մեծ պալատում, տակը շքեղ մի անկողին.
Գլխիս վերև լալիս էին իմ թագավորն ու թագուհին,
Եվ երեսներն էին ճանկռում, այտերն անում պատառ-պատառ,
Մուղրեր էին բերել, որոնք՝ հռչակեցին ինձ դիվահար։
343
Ու փաթաթվեց արքան վզիս, երբ ինձ տեսավ ուշքի գալով,
«Որդի, եթե կենդանի ես, մի ձայն հանիր».— ասաց լալով,
Ես անկարող պատասխանի, հանց դիվահար մի պապանձված,
Ցամաքումով սրտիս արյան՝ նորից ընկա ուշաթափված։
344
Հսկում էին շուրջս պատած մուղրեր ամեն և մուլիմներ,
Բոլորը մեկ կարդում էին՝ ձեռին բռնած էն մուսաֆներ.
Ինչ-որ անհայտ բարբաջանքներ — ի՛բր թե ինձ չարքն է զարկում,
Անշունչ էի ես երեք օր, այրվում էի վառ կրակում։
345
Եվ հեքիմներն ասում էին. «Ոչ մի ցավի սա չէ նման,
Բժշկվելու չունի ոչինչ, ինչ-որ վիշտ է բռնել սրան»։
Թոչում էի մերթ դիվական, անմիտ խոսքեր խառնում իրար,
Ինչ թագուհին արցունք թափեց՝ մի ամբողջ ծով կգոյանար։