Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱԽԵՐԳ

1 Նա, որ հաստեց ողջ տիեզերքն՝ իրեն ուժովն ամենամեծ,
Որ երկնային հզոր շնչով էակներին շնչել տվեց
Եվ մեզ՝ մարդկանց, հանձնեց աշխարհն այս անսահման ու բազմագույն,
Նա է կարգում արքաներին՝ իրեն նման և իր հանգույն։

2 Աստված միակ, դու կերտեցիր կերպով ամեն-ամեն մարմին,
Օգնիր դու ինձ, տուր զորություն՝ որ տապալեմ սատանային,
Տուր ինձ բաղձանք սիրահարի, մինչև շիրիմ պահվող վսեմ,
Թեթևություն տուր մեղքերիս՝ ինձ հետ որ անդ պիտի տանեմ։

3 Առյուծին է, հարկավ, վայել տեգ գործածել, վահան, սուսեր,—
Արև Թամար-արքայուհուն, ում այտն է լալ, վարսը՝ գիշեր։
Ու չգիտեմ՝ կհանդգնե՞մ՝ ներբող ու գովք ձոնել նրան,
Որին նայողն է վայելում մեղր կարծես, կաթ եղեգան։

4 Երգենք Թամար֊արքայուհուն արյունախառն արտասուքով,
Երգենք նրա արժանիքներն՝ ընտիր խոսքով, երգի շուքով.
Սև սաթի լիճն անենք թանաք, գրիչ անենք բույլն եղեգի
Եվ լսողի հոգին խոցենք, ինչպես հզոր զարկը տեգի։

5 Պատվեր առա նրան գովել քաղցրահնչյուն հանգով ճարտար,
Գովել վարսերն ու թարթիչներն, հոնքերը սև, ատամնաշար,
Բյուրեղաշարն այն երիզած ազնիվ լալով բալախշանի,—
Զի քարն անգամ կփշրվի՝ առնի կակուղ կապար սալի։