Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿԸ ՉԻՆ-ՄԱՉԻՆՑՈՒՆ ԵՎ ՄԱՐԴ ՈԻՂԱՐԿԵԼԸ

380 Մարդ հղեցի ես Չին-Մաչին, իմ փոխարեն՝ այս նամակով.
«Արքան Հնդկաց իրոք կեցցե՝ աստուծո պես հզոր գորով,
Հավատարիմ ով կա նրան՝ կհագենա սոված ամեն,
Իսկ ով նրան չէ հնազանդ՝ մեղադիր է նա ինքն իրեն։

381 Ո՛վ մեր պատրոն և եղբայրներ, չենք նեղանա ձեզնից արդ մենք,
Թե հրամանն այս կարդալով՝ իսկույն մեր կողմ շնորհ բերեք,
Թե դուք չգաք, մենք ենք գալու, ոչ գողունի՝ ուժով կգանք,
Ինքներդ գաք՝ լավ է և ձեր՝ արյան հեղման առիթ չտաք»։

382 Ուղարկեցի այնտեղ մարդիկ, սի՛րտս ավելի ուրախացավ,
Հրճվում էի իմ պալատում, անտանելի կրակն անցավ։
Այն ժամանակ ինչ ուզեի—տալիս էր բախտն առատալից,
Այժմ այնպես խենթ դարձրեց — գազանն անգամ մոտ չի գալիս։

383 Առաջ փախչել էի ուզում, միտքս հետո՛ անդորրացավ.
Ընկերներս գալիս էին, հրճվում էինք ուրախ, անցավ,
Բայց թե խինդիս՝ իմ տենչերի՛ ուժերն էին արգելք լինում.
Մերթ ինձ թախիծն էր ընդգրկում՝ և կյանքն էի ես նզովում․