Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է ՏԱՐԻԵԼԻՆ

384 Մի օր մտա ես ննջարան, ապարանքից էի եկել,
Նստած յարիս էի հիշում, աչքս չէի կարող փակել.
Ուրախ էի, որովհետև հուսո նամակ կար իմ ձեռին.
Դռնապանը մտավ, ասաց՝ ինչ որ ծածուկ իմ ծառային։

385 Ասին «Ծառան է Ասմաթի»։ Եվ ես նրան կանչեցի ներս։
Ում դանակն էր սիրտս խոցում՝ գրում էր, թե՝ կանչում է քեզ,
Իմ խավարը լուսավորվեց, կապանքները կտրեց նա իմ,
Ու գնացի՝ հետս ծառան — ի՛նչ ասեի ես մտերիմ։

386 Պարտեզ մտա և շրջեցի, բայց մարդ չկար այնտեղ կարծես,
Ու կինն ելավ հանկարծ իմ դեմ՝ ուրախ-ուրախ և ժպտերես.
«Հաջողությամբ,— ասաց նա ինձ,— ես դուրս բերի փուշը սրտիդ։
Արի՛, նայի՛ր քո չթոշնած և անթառամ քնքուշ վարդիդ»։

387 Ու ետ բացեց կինն իմ առաջ ծանր փարդան իր զոր ուժով,
Ուր՝ պատգարակ կարմիր դրված, նախշուն լալով ու բալախշով,
Պատգարակում բազմած էր նա՝ արևի պես շող շողունի
Ինձ էր նայում նա փաղաքուշ՝ աչքերը հանց լիճ մելանի։

388 Կանգնած էի այնտեղ երկար, բառ չէր ասում իր պաղատին,
Միայն քնքուշ, ինձ էր նայում, ինչպես իրեն հարազատին,
Նա Ասմաթին կանչեց, խոսեց, կինը ապա ինձ շշնջաց.
«Անկարող է խոսել, գնա», բայց նորից ինձ մրմուռ կարգեց։