Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


418 Մենք այսպես ենք գերադասում՝ գնաս իրոք լավ քաջերով,
Մոտիկ պահես քո զորքը քեզ, տեղյակ պահես լրաբերով,
Թե անկեղծ են՝ հավատացիր, թող երդվեն՝ աստված-երկին,
Իսկ թե տեսնես՝ չեն հնազանդ—դու բարկացիր նոր ու կրկին։

419 Ինձ դուր եկավ խորհուրդը այս, կշռած մտոք վեզիրների,
Պատվիրեցի. «Ռամազ արքա, իմացա, է՛–ն քո մտքերի,
Դու ապրելն ես ընտրել մահից, մեզ՝ ամրոցներ չեն արգելակ,
Կբաժանվեմ զորքից ես իմ, կգամ մարդով փոքրաքանակ»։

420 Ու զորքերից երեք հարյուր ընտիր քաջեր ես ջոկեցի,
Եկան ինձ հետ, առաջացա, զորքն ամենայն անդ թողեցի,
Ասի. «Որ կողմ ես կգնամ, նույն վայրերով հետևեցեք,
Մոտիկ եղեք, իմաց կտամ, երբ հարկ լինի, իսկույն հասեք»։

421 Գնում էի ես երեք օր, առաջս եկավ նոր մարդ խանից,
Զգեստ անթիվ ու արտակարգ հղել էր ինձ խանը նորից,
Ասել էր թե. «Փափագ ունեմ՝ վես պարթևիդ լինել մոտիկ,
Երբ հանդիպեմ, դու կտեսնես՝ նվեր նորից բազմապատիկ»։

422 Ասել ապա. «Թե որքան եմ իրավ խոսքով ի քեզ ասված,—
Ինքս կգամ դիմավորեմ՝ քեզ տեսնելուն ես շտապած»։
Ես էլ ասի. «Արա աստված, կանեմ հանգույն ձեր բաղձանքի,
Սիրով տեսնենք մենք իրարու, լինենք ինչպես հայր ու որդի»:

423 Ու գնալով ես այն տեղից՝ հասա եզրին մի անտառի,
Նորից եկան առաքյալներ, մատուցեցին հարգանք առ ի,
Նրանք ընտիր երիվարներ իբրև նվեր առաջ բերին,
Ասին. «Իրո՛ք քեզ տեսության՝ կարոտ արքան ու թագուհին»։

424 Ապա նորից «Արքան ասաց՝ ես էլ քո կողմ կգամ փութկոտ,
Ու իմ տանից ես դուրս եկած՝ կհանդիպեմ վաղն առավոտ»։
Դեսպաններին ինձ մոտ թողի, վրան զարկի ես ոչ հեռուն
Շատ սիրալիր ընդունեցի, հանց մտերիմ՝ մեկտեղ ի քուն։

425 Երևում է՝ զուր չի կորչում ոչ մի բարիք մարդուն արած.
Դեսպաններից մեկը թաքուն ինձ մոտեցավ, այսպես ասաց.
«Ես ձեր առաջ մի պարտք ունեմ և անկարող եմ վճարել,
Ես չեմ կարող այդ մոռանալ և մանավանդ՝ ձեր դեմ դավել։