Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԳՆԱԼԸ ՉԻՆ-ՄԱՉԻՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

413 Առավոտյան ես ձի հեծա, «Բուկ ու նոբա,— ասի,— փչեք»։
Իմ բանակում մեկը չկար, որ խնայեր իրեն երբեք,
Առյուծս ես արշավեցի դեպ Չին-Մաչին առանց խուճապ,
Զորքն անցնում էր անանց ճամփով, մի կողմ թողած ճամփա ու ափ։

414 Հնդկաստանի սահմանն անցա․ դեռ չէր անցել ժամ մի տակավ
Չին-Մաչինի տիրակալից՝ Ռամազ-խանից դեսպան եկավ.
Պատգամն ասաց նա իր սրտի, եկել էր մեգ միջնորդության.
«Մեր գայլերի՛ն անգամ կուտեն այծե՛րը իսկ ձեր հնդկական»։

415 Ու ահավոր հարստություն Ռամազից ի՛նձ բերեց նվեր,
Աղերսում է. «Մեզ մի ջնջեք, ձեզ վայել չէ այդպես վարվել.
Երդում տանք քեզ և դրանով՝ ոստ կկապես դու մեր վզին,
Ու անվարան քեզ ի սպաս՝ գլուխը մեր, գույք, զավակին։

416 Ների՛ր, ինչքան մեղանչեցինք, մենք ինքնե՛րս ենք արդեն փոշման,
Թե կգթաք մե՛զ աստծո պես՝ զորքերը թող այստեղ չգան,
Չկոտորվի երկիրը մեր, չբարկանա երկին վերի,
Մենք քե՛զ հանձնենք բերդ ու քաղաք, արի՛, քեզ հետ՝ բեր քչերի»։

417 Վեզիրներիս մոտ կանչեցի, զրույց արինք ու խորհեցինք,
«Մանուկ ես դու,— ի՛նձ ասացին,— ներիր ծերոց՝ հանդգնեցինք,
Նրանք խարդա՛խ են չափազանց, փորձել ենք մենք և այլ անգամ,
Վայ թե նրանք քեզ սպանեն, վայ թե սուգ ու շիվան մեզ տան։