450
Ռամազն ասաց. «Ես ուժ չունեմ այլևս քեզ դիմադրելու,
Ավագներիս թույլ տուր մեկին, ինքդ էլ եղիր վերահասու,
Ես ամրոցներ ղրկեմ նրան, հանձնարումս ինքդ լսիր,
Քեզ կհանձնեմ ես ամենայն, այսուհետև ինքդ տիրիր»։
451
Նրան տվի ես մեկ վզրուկ, զորականներ հետը դրի
Եվ տերերին ամրոցների ես բոլորին ինձ մոտ բերի.
Ամրություններն ինձ հանձնեցին ու զղջացին դավի համար,
էլ չե՛մ խոսում գանձի մասին՝ անքանակ էր ու անհամար։
452
Ապա միայն աչք ածելու համար մտա ես Չին-Մաչին,
Ու գանձատան փականքները իսկույն ևեթ ինձ հանձնեցին,
Երկիրն արի վերաբնակ, ասի՝ «Ապրեք հիմա անահ,
Արևս՝ ե՛ս՝ ձեզ չայրեցի, չթողի որ ոչնչանաք»։
453
Ես դիտեցի մեկ-մեկ բոլոր գանձարաններն այն առանձին.
Պիտի հոգնեմ, եթե թվեմ ես տեսակներն այն մեծ գանձի.
Մեկ տեղ տեսա չնաշխարհիկ մի բաճկոնակ և մի խավուն
Եվ այնպիսին, մարդ չես գտնի, չէ՛ թե տեսած՝ լսե՛ր անուն։
454
Չհասկացա, թե ինչ էր այն և կամ գործ էր ինչ կերտումի,
Ում ցույց տվի, շատ զարմացավ ու համարեց հրաշք երկնի.
Ոչ մետաքսի՛ էր նա նման և ո՛չ գորգի նման գործած,
Բայց պնդությունն էր պողպատի՝ կարծես անմար հրում դարբնած։
455
Լուսատուիս համար վերցրի ես այն երկուսն իբրև նվեր,
Իսկ արքայիս համար իրեր՝ նույնպես ընտիր և շատ լավեր.
Տասը հարյուր պնդասրունք բոլորն ընտիր, ուղտ ու ջորի
Բեռնավորված ուղարկեցի և նրանց հետ՝ լուրե՛ր բարի։