ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
456
Գիր գրեցի. «Երջանկությամբ երջանկացեք, ով թագավոր,
Չին-մաչինցիք ինձ դավեցին, բայց տուժեցին իրենք ահվոր,
Պատճառն այս էր՝ որ ուշ տվի տեղեկություն քեզ իմ մասին.
Գալիս եմ ես ավար-գերով, բռնած նրանց թագավորին»։
457
Երբ ամեն բան կարգի բերի, Չին-Մաչինի երկրից ելա,
Ավերեցի երկիրն ամբողջ և գանձեղեն հետս առա.
Ինչ ուղտերով հնար չեղավ՝ գրաստներին ես բեռնեցի,
Ինչ կամեի՝ այնպես արի, լիացա ու հրճվեցի։
458
Չին-Մաչինի թագավորին բերում էի գերի բռնած,
Հնդկաստանին հասա՝ հոժար՝ տերս ելավ ինձ ընդառաջ,
Ինչպես գովեց՝ պատմելու չէ, անպատշան է թե ես ասեմ,
Բացեց թևը իմ վիրավոր, նրբին կապեց՝ ապաքինվեմ։
459
Քաղաքից դուրս, հրապարակու՛մ, ճոխ վրաննե՛ր էի զարկել.—
Նրա համար, ով վստահել, ինձ հետ խոսել էր ցանկացել.
Արքան այդօր խնճույք ուներ իջևանած վրաններում,
Ինձ՝ նստածիս իրեն մոտիկ, նայում էր նա ու գուրգուրում։
460
Ամբողջ գիշեր նստած էինք, խրախճանում էինք անհագ,
Առավոտյան ելած տեղից՝ մտնում էինք արդեն քաղաք։
Հրամայեց արքան ապա. «Զորք կանչեցեք, հավաքեցեք,
Չին-մաչինցուն բերեք ի ցույց, գերիներին ինձ մոտ բերեք»։