Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

505 Վճռել էին նրանք արդեն, երևում էր այդ բացարձակ,
Նրանք իրար էին նայում, խոսում էին անհամարձակ.
Ի հայտ հանել՝ ինձ չէր պատշաճ՝ լինել արգելք նրանց կամքին.
Ես հող դարձա, մոխիր կարծես, սիրտս զարկում էր մոլեգին։

506 Թագուհին թե. «Խորեզմշահը փառավոր է նստած արքա,
Ով կլիներ նրա որդուց մեզ ավելի լավ այլ փեսա»։
Տեսա՝ բաղձանքն է այդ նրա, ո՞վ սիրտ կաներ ընդդեմ խոսել,
Եվ միացա այդ որոշման՝ ինձ կործանման օր էր հասել։

507 Մարդ հղեցին Խորեզմշահին և խնդրեցին որդին նրա —
«Չունենք որդի,— ասին,— իշխի մեր ամենայն երկրի վրա,
Ունենք միայն դուստր՝ որդի, այն էլ տակավ չամուսնացած,
Թե որ կտաս տղադ ժառանգ՝ չունեմ ուրիշ ակնկալած»։

508 Մարդը դարձավ, լեցուն նվեր՝ թե խավուններ, թե՛ քոթանակ,
Հրճում արել Խորեզմշահը, ուրախացե՛լ էր անքանակ
Ու ասել էր. «Ա՛յն կատարվեց, ինչին տվինք մենք երանի.
Դրա նման հարսնացուի էլ ո՞վ կաներ ինձ արժանի»։

509 Նորից մարդիկ ուղարկեցին փեսացուին աստ բերելու.
Խնդրում էին. «Ս՛ի ուշանաք, այստեղ եկեք տիրանալու»,
Իսկ ես հոգնած գնդախաղից, դարձա՝ հանգչեմ ննջարանում,
Սիրտս՝ թախիծ էր համակել, մի նոր ցավ էր ինձ մորմոքում։