Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

515 Ինչպես ինձը ժայռի ափին՝ նա շանթադեմ թեք էր ընկած.
Վեր էր նա քան արև, լուսին, քան եդեմում հալվե տնկած։
Տեղ տվեց ինձ Ասմաթն հեռու՝ տեգահարիս խոցված սրտով.
Իսկ նա ելավ, նստեց մռայլ՝ իր դառնացած բարկությունով։

516 «Զարմանում եմ,— ասաց նա ինձ,— ինչո՞ւ եղար դու ուխտազանց,
Դու՝ ուրացող ու նենգամիտ, դու՝ հիրավի երդմնազանց,
Բայց փոխարեն քո արարքի պատիժ կտա երկինքը քեզ»
Ասի. «Ես ի՞նչ պատասխանեմ՝ իմ հանցանքին անգետ եմ ես։

517 Մինչև ճշտիվ ես չիմանամ, անկարող եմ պատասխանել.
Քո դեմ ինչո՞վ մեղանչեցի, ես դժբախտս ի՞նչ եմ արել»։
Դարձավ ապա. «Ես ի՞նչ ասեմ, ստախոսին, նենգավորին,
Ա՛խ, վառվում եմ՝ ախ ես ինչո՞ւ խաբվեցի հանց գեղջուկ մի կին։

518 Չգիտե'ս, հա՞, որ Խորեզմից բերում են ինձ ամուսնացու,
Դու չե՞ս եղել խորհրդակից, համաձայնել ինքդ այդ դու,
Դու դրժեցիր երդումը իմ, ուխտը տված մեր հաստատուն,
Աստված անի, որ ես քեզ տամ՝ չա՛ր ավելի վարձ-հատուցում։

519 Հիշո՞ւմ ես դու հառաչելիս՝ արցունքը քո դաշտ էր ջրում,
Ու բժիշկներ, ամոքողներ քեզ դեղ ու ճա՛ր էին բերում,
Խիզախ մարդու ստության հետ ի՞նչ կարող է համեմատվի,
Ինձ ուրացա՛ր՝ քե՛զ կուրանամ, ո՞վ ավելի կհալածվի։

520 Այս եմ ասում՝ Հնդկաստանի տերը ով էլ կուզի դառնա,—
Ես էլ պիտի ղեկավարեմ, զարտուղի թե շիտակ է նա,
Քո ուզածի պես չի լինի, խաբվել ես դու, գնա հեռուն
Մտքերը քո նման են քեզ՝ ստախոսին՝ քեզ՝ այդպիսուն։

521 Թե կենդանի ես մնացի, Հնդկաստանում դու չես ապրի,
Իսկ թե փորձես այստեղ մնալ՝ հոգիդ մարմնից պիտի զատվի.
Ինձ նմանը էլ չես գտնի, ձեռքդ թեկուզ հասնի երկին»,
Երբ ավարտեց խոսքը իր այս՝ լացեց կտրիճն արտասվագին։

522 Շարունակեց. «Այս լսելով, նորը-նորին ես հույս առա,
Աչքս նորից ուժ ստացավ՝ պարզ նայելու լույսին նրա։
Կորցրել եմ, չե՞ս զարմանում, ինչո՞ւ եմ ողջ, ցնո՛րհ այսքան,
Վայ դո՛ւ, աշխա՛րհ անցողական, ինչո՞ւ ես իմ ծարավ արյան։