Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

546 Ես տքնեցի, կարգ է ինչպես՝ հոգում էի ու վազվզում,
Տուն դիմեցի, հոգնած էի, հոգնածումից՝ քնել ուզում.
Ծառան եկավ՝ նամակ բերեց՝ Ասմաթից էր իմ սիրելի,
Թե՝ «Հրաման քո հալվեից՝ աճապարիր, դու շո՜ւտ արի»։

547 Ես էլ ձիուց չցատկեցի, ճամփա ընկա անմիջապես
Եվ Ասմաթին տեսա լացած. «Ինչո՞ւ ես լաց եղել այդպես»,
Ասաց. «Ինչ քեզ հանդիպել եմ, ե՞րբ եմ եղել լացից ազատ.
Մինչև ե՞րբ քեզ արդարացնեմ կամ պաշտպանեմ քեզ անընդհատ»։

548 Մտանք, տեսանք՝ բարձի վրա նստած էր նա հոնքը կիտած.
Ինչպես նա էր այդ լույս տալիս, արփին երբեք չէր էլ տված.
Դարձավ նա թե. «Ի՞նչ կանգ առար, կՌվի ժա՜մդ է հասել արդեն.
Թե՞ ուրացար, ինձ խաբեցի՞ր, մեղանչեցի՞ր նորից իմ դեմ»։

549 Ես նեղացա, բան չասացի, արագ դարձա և դուրս եկա.
Եվ կանչեցի. «Թող էլ չուզի՝ ուզեց ով ինձ՝ արդ երևա,
Ինձ կռվի է կինը կոչում ես խեղճացա մի՞թե այսքան».—
Ես տուն եկա՝ որոշեցի՝ որ սպանեմ իսկույն նրան։

550 «Կռվի համար եղեք պատրաստ» հրաման արի հարյուր ճորտի
Հեծանք արագ, քաղաքն անցանք, չերևալով մենք ոչ ոքի,
Մտա վրան, կտրիճն իսկ ա՜յն անպատմելու մտել էր քուն,
Ես անարյուն սպանեցի, թեպետ հարկ էր թափել արյուն։

551 Ու կտրեցի պի՛նդ փաթաթված վրանի փեշն՝ անցք բացեցի,
Բռնած ոտքից այն կտրիճի՝ գլխով սյունին ես խփեցի,
Ով դռանն էր պառկած՝ գոռաց, ողբ սկսվեց հեքիաթային.
Հեծա իմ ձին և սլացա, օղազրահ էր իմ հագին։

552 Աղմուկ ելավ ամեն կողմից. «Հասեք նրան» կանչում էին,
Ու հեռացա՝ հետևեցին, բայց ջարդեցի ես բոլորին։
Բերդաքաղաք ես ունեի՝ ոսոխներին անմատչելի.
Մտա այնտեղ ես անվնաս և մնացի անպարտելի։

553 Մարդ հղեցի ամեն կողմեր ու հայտնեցի զորքիս ուրեք,
Թե «Օգնե՜լ է ով ինձ ուզում՝ շտապ դուք ա՛ստ աճապարեք»:
Հարձակումը հետապնդման գիշերն անգամ չէր դադարում,
Բայց ինձ իսկույն ճանաչելիս՝ գլուխն էին իրենց պահում։