Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարճ ֆրազներով։ Հետևա՞նքը։ Միևնույնն է։ Բանը նաև զանազան լեզուներից բերվող օրինակներով ծանրաբեռնելը չէ։ Փորձեր եմ արել այդպիսինները պակասեցնելու, ահա, օրինակ, այսօր: Կօգնի՞ արդյոք։ Առաջներում չէր օգնում: Ի՞նչն է հապա։ Ես մի ամբողջ հոդված ունեմ «Ինչո՞ւ դժվար է տեսաբան-լեզվաբան դառնալը» թեմայով։ Բայց այնտեղ շեշտը լեզվաբանի հասարակական աշխարհայացքի վրա է միայն։ Համոզվել եմ, որ այդ էլ չի օգնում։ Հապա որտեղ է թաղված այս անգամ, ըստ երևույթին, իսկապես, «կուլտային» շան գլուխը։ Կարծում եմ այն տեղաշարժների մեջ, որ լեզուներում դիտել է լեզվի նոր ուսմունքը հենց լեզվական ամենակոնկրետ նյութի վրա։ Դրանք առավել բարդ են, քան իմ հիշատակածները։ Այժմ հնարավորություն չկա թվարկելու հաբեթաբանության բոլոր նվաճումները այս կապակցությամբ, բայց, օրինակ, հետևյալ դրույթները սահմանված են վերջնականորեն.

1. Եզակի թիվ առաջ չի եղել, հոգնակի թիվն էլ մշակվել է մի ձևից, որ ընդհանուր էր նաև եզակիի համար, բայց առաջ այնուամենայնիվ հոգնակիությունն է եղել և նրանից հետո եզակիությունը, իբրև նրա մի մասը, իբրև նրա հակադրությունը։

2. Խոնարհման մեջ դեմք չի եղել. առաջին և երկրորդ դեմք: Դուք կհասկանաք, որ, հետևաբար, չէր կարող լինել զրույց, այսինքն՝ խոսակցական լեզու։ Իսկ եթե չկային առաջին երկու դեմքերը, ապա հասկանալի է, երրորդ դեմքը, իբրև քերականական կատեգորիա, չէր կարող լինել, կարիք չկար նրա ձևավորման (այսպես է աորիստը), իսկ երբ կարիքը հայտնվեց,— դա ուշ եղավ,— նոր ստեղծված ժամանակը (ներկան) ձևավորվեց դերանվամբ։ Իսկ սա ի՞նչ տեղակալ է: Ո՞ւմ տեղակալն է սա։ Դերանունը փոխարինում է անվան, բայց անուն, իբրև վերնաշենքային կատեգորիա, չկար։ Սա փոխարինեց վերնաշենքային կերպարին՝ տոտեմին։ Դարձավ տոտեմի տեղապահը, տոտեմի տեղակալը։

3. Ընդհանրապես չի եղել խոնարհում և հոլովում, թեև հնչական լեզուն եղել է, և հիանալի կերպով իրար հասկացել են առանց կարիք զգալու քերականական այնպիսի բեռան, ինչպիսին է ձևերի ուսմունքը՝ ձևաբանությունը։ Խոնարհման և հոլովման կազմավորիչ տարրերը միևնույնն են, բայց մի դեպքում նրանք դրսևորում են հարաբերությունները տարածության մեջ (հոլովում), մյուս դեպքում՝ ժամանակի, այսինքն