Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնագետների շրջանում անգիտական և անպետք էր համարվում, մի բան, որ իր հերթին օրգանապես կապված է ձևական մեթոդի հետ։ Այդ մեթոդը լեզվի մեջ հետազոտության առարկա էր համարում միայն ձևական կողմը, հնչմունքը, բայց ոչ գաղափարախոսությունը։ Այս կապակցությամբ լեզվաբանության մեջ գոյություն ունի մի տերմին՝ գլոտոգոնիա՝ ‘լեզվաստեղծություն’, բայց ոչ նույնիսկ լոգոգոնիա, այսինքն ‘խել[ք]աստեղծություն’։ Խոսքը-բանականությունը միջնորդաբար կամ անմիջաբար թողնված էր աստծուն (հունարեն լոգոս՝ ‘խոսք-բանականություն’) կամ հոգեբանությանը՝ հոգու ուսմունքին, որը դարձյալ աստված էր վարում։

Եվ միայն ամայացված բառը մնաց բնության բաժին, և լեզվաբանությունն ու լեզվի պատմությունը, բնական կամ զգայական ֆակտորների այսպիսի սահմանափակությամբ, կենտրոնացած էին միայն հնչյունաբանական (հնչական) դրսևորման և ձայնաբանական (լսողական) ընկալման սահմաններում ոչ միայն ֆիզիոլոգիապես ընկալվող հնչման հատուկ ուսմունքի (հնչյունաբանության) մեջ, այլև ձևաբանության մեջ, որը նույն հնչյունաբանության վրա էր կառուցվում։

Մտածողության պրոբլեմին լեզվի նոր ուսմունքը մոտենում է առանց որևէ վարանման, հարկադրված է մոտենալու առանց որևէ կեղծավոր զգուշության։ Հարկադրողը լեզվական իրողությունների մինչև արմատները պարզված փոխհարաբերությունների ույժն է։ Մտածողության պրոբլեմը տեսական եթե ոչ ամենախոշոր, խոշորագույն պրոբլեմներից մեկն է աշխարհում հենց նրա համար, որ նրա արմատները գտնվում են ոչ թե իր մեջ և ոչ էլ բնության մեջ, այլ նյութական բազիսի մեջ, ինչպես այդ սահմանել է դիալեկտիկական մատերիալիզմը։ Եվ եթե անվիճելի է մարքսիստական փիլիսոփայության այս նվաճումը, որի նկատմամբ ոչ մի կասկած չի կարող ունենալ դիալեկտիկ-մատերիալիստը, եթե մատերիալիզմի այս նվաճումը միանգամայն նոր շունչ է ներփչել հենց դիալեկտիկայի մեջ, շուռ տվել դրան, որ իդեալիստների մոտ գլխի վրա էր կանգնած, և ստեղծել բազիսի ու վերնաշենքի միասնությունը բարդ փոխհարաբերություններով, ապա մտածողության պրոբլեմը մարքսիստական նվաճման տեսական ամրացման պրոբլեմ է ճիշտ այնպես, ինչպես կոլտնտեսական շինարարությունը ոչ միայն գործնական-տնտեսական, այլև վիթխարի քաղաքական ու հասարակական