Jump to content

Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետնագույն ժամանակներում կերտվում էին և կերտվեցին ու ձևավորվեցին նրանց տիպականորեն տարբեր սիստեմները։ Նոր լեզվաշինարարության մեջ հների ոչ մի նվաճում չպետք է մնա հաշվի չառնված և՛ չօգտագործված։ Այս կապակցությամբ հատկապես ապագայով հետաքրքրվելը և ոչ թե հնության և նրա մահացած ու մահացող աշխարհայացքներին կողմնակից լինելն է ստիպում մեր հետազոտական շահագրգռությունը միևնույն չափով ուղղել և դեպի հին դարերի լեզուները չբացառելով մեռածները, և՛ դեպի բոլոր կենդանի լեզուներն այսպես կոչված հետամնաց ժողովուրդների, որոնց, իսկապես ասած, տիրապետող ազգերն ու դասակարգերն են հետ շպրտել մինչև այժմ կերտվող կուլտուրային գիտակից ակտիվ մասնակցություն ունենալուց։

§ 5. Հետևապես ապագա միասնական լեզու կոփելու այս աշխատանքում չի կարող անտեսվել ո՛չ մի ազգային լեզու, ո՛չ մի ցեղական լեզու, որքան էլ որ նրանք այժմ թվան անտոհմ և անցեղ, քանի որ նրանց մեջ, եթե նրանք մինչև անգամ մեկուսացած են և կատարելապես մենակ, պահպանվել են անցյալի սոցիալական տրամադրությամբ կործանած նվաճումների, համաշխարհային մասշտաբով կատարված համամարդկային ստեղծագործության ամբողջ էպոխաների ամենաթանկագին մնացորդները։ Այդ համամարդկային լեզվաստեղծությունից՝ գլոտոգոնիայից դուրս չի ծագել ոչ մի լեզու։ Հաբեթական տեսությունը ընդհուպ մոտեցել է այդ դրույթի պնդմանը, արդեն կարողացած լինելով լիովին որոշել կամ որևէ կերպ ուրվագծորեն նշել քիչ թե շատ ամբողջական ձևով պահպանված բոլոր գլխավոր սիստեմների տեղ ոչ որպես իրարից անջատ ռայոններում կատարված անկախ, այսպես կոչված ռասսայական ստեղծագործության արդյունք, այլ որպես նստվածքներ մարդկային լեզվի զարգացման էտապների, որոնք համընկնում են տնտեսական կյանքի, հասարակական ձևերի և համապատասխան նյութական ու վերնաշերտային տեխնիկայի էվոլուցիայի էտապներին։ Առայժմ առկա նվաճումների սահմաններում այդ պատմության հնարավոր շարադրանքը հենց հանդիսանալու է լեզվի ուսմունքը, հաբեթական տեսության ընդհանուր մասը և ոչ թե հաբեթական լեզվաբանությունը, հաբեթական լեզուների վերաբերյալ հատուկ ուսմունքը: Բուն իսկ տեսության, լեզվի ընդհանուր ուսմունքի հիմնական մոմենտները կազմում են և մեր այս դասընթացի առարկան: