Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Ն. Մառի անվան Լեզվի Ինստիտուտը ձեռնարկել է ակադեմիկոս Ն. Յա. Մառի ընտիր աշխատությունների ժողովածուների հրատարակությունը: Առաջին անգամն է, որ սովետական մեծ գիտնականի աշխատությունները լույս են տեսնելու հայերեն լեզվով։
Հանրահայտնի է, որ Ն. Յա. Մառը նախառևոլուցիոն ժամանակաշրջանում իր գիտական աշխատություններով, Հայաստանում կատարած պեղումներով, հայ, վրաց և կովկասյան այլ լեզուների և կուլտուրայի ուսումնասիրություններով ոչ միայն մեծ հետաքրքրություն է արթնացրել մեր և Անդրկովկասի եղբայրակից այլ ժողովուրդների կուլտուրայի, պատմության և լեզվի նկատմամբ, այլ դրանց ուսումնասիրությունը բարձրացրել է մի նոր աստիճանի վրա։
Նիկողայոս Մառի աշխատությունները, այլև գիտական ամբողջ գործունեությունը, նպաստել է Անդրկովկասյան ժողովուրդների փոխադարձ ճանաչմանը և եղբայրակցության մեծ գաղափարին: Լինելով նախառևոլուցիոն Ռուսաստանի ամենաառաջադեմ գիտնականներից մեկը՝ Ն. Մառը ցարիզմի կաշկանդիչ պայմաններում կանգնել է ազգային լեզուների և կուլտուրայի պաշտպանության հողի վրա: Հակադրվել է տիրապետող ռեակցիոն գիտական ուղղություններին՝ լեզվաբանության, հնագիտության և բանասիրության մեջ։ Իր անդուլ աշխատանքներով նա որոնել է գիտության նոր ուղիներ և գիտական պրոբլեմների ճիշտ լուծում։ Առաջադեմ իր հայացքներով, խիզախ իր եզրակացություններով, խորաթափանց իր հետազոտական մտքով Մառը պատրաստել է աշակերտների ու հետևորդների մի մեծ բանակ, որ քրտնաջան կերպով լծված սովետական գիտության և կուլտուրայի մեծ գործին՝ այժմ մշակում և զարգացնում է սովետական գիտությունն ու կուլտուրան Ռուսաստանում, Հայաստանում,