Խորհուրդ է տրվում ընդունող պետություններին հնարավորության չափով իրենց վրա վերցնել արտասահմանյան ուսանողների տեղական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բնակարան տրամադրելու, գրպանի գումարի համար անհրաժեշտ ծախսերը։ Միաժամանակ խորհուրդ է տրվում թեթևացնել վիզա ստանալու հետ կապված թղթատարության հարցերը և այլն։ Լրացուցիչ հնարավորություններ են տրվում այն ուսանողներին, ովքեր ժամանել են արտերկրից, որպեսզի նրանց դիպլոմները ճանաչվեն համարժեք և հնարավորություն տան այլ պետություններում (ըստ ցանկության) աշխատանք ստանալու համար։ Դա վերաբերում է ԵԽ անդամ երկրներին։
Արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն տրամադրվում է նաև այն անձանց, ովքեր արդեն ունեն բարձրագույն կրթություն։ Եվրոպական կոնվենցիան ակադեմիական կրթության ընդունման մասին թույլ է տալիս դիպլոմ ունեցողին ուսուցանել լրացուցիչ համալսարանական դասընթացներում, ապա ուսումը շարունակել ասպիրանտուրայում կամ դոկտորանտուրայում՝ նույն համալսարանում թեզը կամ ատենախոսությունը պատրաստելու և այն պաշտպանելու նպատակով։
Այդպիսի ուսուցում ստանալու պայմաններից մեկն էլ միջին կամ բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի օրինական լինելն է, որը տրվում է դեսպանական կամ հյուպատոսային ծառայությունների կողմից։ Սակայն Կոնվենցիան ստորագրած պետությունների քաղաքացիների համար փաստաթղթերի օրինականացման պահանջները թեթևացված են կամ բացակայում են։
Հայաստանում այդ փաստաթղթերի օրինականությունը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
Կրթության հարցերով միջազգային իրավունքի համակարգում հայաստանյան օրենսդրության համար հատուկ նշանակություն ունեն նաև ԱՊՀ անդամ պետությունների կողմից ընդունված իրավական ակտերը, որի անդամներից մեկն էլ Հայաստանն է։ Այդ ակտերի թվին կարելի է անվանել «Կրթության մասին» մոդելային օրենքը «ԱՊՀ անդամ պետությունների միասնական կրթական տարածքի, կրթական և գիտության գործընթացի մասնակիցների սոցիալական կարգավիճակի բարձրացման մասին» Երաշխավորությունը, «ԱՊՀ անդամ պետություններում ուսուցման դասընթացների, ծրագրերի և կրթության փաստաթղթերի, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին» Կոնվենցիան, «ԱՊՀ-ում միասնական /ընդհանուր/ կրթական տարածքի ձևավորման համագործակցության մասին» Համաձայնագիրը։
ԱՊՀ-ի իրավա-նորմատիվ ակտերի հատկություններից մեկը կայանում է նրանում, որ նրանք չունեն ուղղակի գործողության պարտադրանք այդ պետությունների տարածքներում։ Որպեսզի դառնան պարտադիր ընդհանուրի համար, ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինները դրանք պետք է ներառեն իրենց ազգային օրենսդրության մեջ։ ԱՊՀ-ի կանոնադրությունը չի նախատեսում նման պայմաններ և հիմքեր, որոնցով ԱՊՀ-ի ակտերը կգործեին ուղիղ։ Քանի որ ԱՊՀ կանոնադրության 20-րդ կետը սահմանում է, որ ԱՊՀ ընդունած փաստաթղթերի և ազգային օրենսդրության միջև հակասությունների դեպքում դրանք պետք է կարգավորվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով՝ նպատակ հետապնդելով այդ հակասությունները չեզոքացնել։
«Կրթության մասին» մոդելային օրենքը, որն ընդունվել էր 1999թ. ապրիլի 3-ին ԱՊՀ անդամ-պետությունների Միջպառլամենտական ասամբլեայի 13-րդ լիագումար նիստում, կոչ է անում ջանքեր գործադրել մոտեցնելու ԱՊՀ-ի անդամ երկրների կրթական համակարգերը մեկը մյուսին, վերջին հաշվով ստեղծելու համար ընդհանուր կրթական տարածք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների համար։
«Կրթության մասին» մոդելային օրենքը թվարկում է այն պահանջները, որոնք պետք է համապատասխանեն ԱՊՀ-ի կրթական տարածքի ամբողջությանը։ Դրանք են՝ կրթության բնագավառում պետական քաղաքական սկզբունքների ընդհանրությունը, պետական կրթական չափորոշիչների, ծրագրերի, մասնագիտությունների ցանկերի, ուսուցման ժամկետների նորմերի, կրթության մակարդակների համապատասխանությունը, գիտական, գիտա-մանկավարժական