Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակտերի կանոնակարգումն է ըստ նրանց հրապարակման ժամկետի։ Դրանցից են Ազգային ժողովի տեղեկագրերը և Կառավարության որոշումների ժողովածուները։ ժամանակագրական ինկորպորացիայի ձևերից են նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործող օրենսդրության ժամանակագրական ժողովածուները։

Որոշ նախարարությունների նորմատիվ ակտերի ժամանակագրական համակարգման պաշտոնական ձև է հանդիսանում նրանց կողմից հրապարակվող նորմատիվ ակտերի բյուլետենը։

Հայտնի է նաև թեմատիկ պաշտոնական ինկորպորացիան։ Այն հնարավորություն է տալիս քիչ թե շատ ամբողջությամբ միավորել պետական գործունեության կամ իրավունքի բնագավառի մի թեմային, ոլորտին նվիրված ակտերը, ինչը նպաստում է իրավական կարգավորման մեջ հնարավոր բացթողումների ու հակասությունների բացահայտմանը և իրավաբանական պրակտիկայում հեշտացնում է նորմատիվ ակտերի որոնումը և օգտագործումը։ Օրինակ, Օրենքների ժողովածուն հանդիսանում է առարկայական (թեմատիկ) ինկորպորացիայի գագաթնակետը և, իրենից ներկայացնում են միասին հավաքված և կանոնավոր կարգով դասավորված օրենքներ և կարևորագույն ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր։

Ոչ պաշտոնական ինկորպորացիան անց է կացվում տարբեր կազմակերպությունների, մարրմինների և անձանց կողմից և կրում է ուղեցուցային-տեղեկատվական բնույթ /օրինակ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի կողմից հրատարակած կրթության ոլորտի օրենքների և այլ իրավական ակտերի հավաքածու եռհատորյակը/։

Կոնսոլիդացիան համակարգման այնպիսի ձև է, որի ընթացքում միևնույն բնագավառի այս կամ այն հարցի վերաբերյալ նախկինում հրապարակված նորմատիվ-իրավական ակտերը դառնում են մեկ միասնական ակտ։

Նմանօրինակ ակտ ընդունելուց հետո նախկինում գործող նորմատիվ-իրավական ակտերը դադարում են գոյություն ունենալ։

Խորհրդային Միության ժամանակների կոնսոլիդացիայի հաջող օրինակ է 1980թ. հոկտեմբերի 1-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագիրը «Տոնական և հիշատակի օրերի մասին»՝ միավորելով (դրանով իսկ փոխարինելով) այդ հարցի վերաբերյալ նախկինում գործող քառասունութ ակտերը։ Գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի կոնսոլիդացիան ունի լայն տարածում։ Այն կարևոր դեր կխաղա նաև հայաստանյան նորմատիվ-իրավական ակտերի համակարգման դեպքում։ Արդեն այսօր ակնհայտ է, որ հայաստանյան մի շարք բնագավառների ՝ իրարից անջատ օրենսդրությունները հնարավորինս շատ պետք է կոնսոիդացնել։

Այսպիսով, կրթական ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի համակարգումը իրավաստեղծման տրամաբանական ավարտն է և թույլ է տալիս ստեղծել օրենսդրության կուռ, գործող համակարգ։

Ամփոփում

Ելնելով վերը նշվածից՝ կարելի է եզրակացնել, որ կրթական իրավունքի աղբյուրներն ունեն բացառիկ մեծ նշանակություն իրավական պետության մեջ կրթության ոլորտում օրինականության ամրապնդման համար։ Նշված աղբյուրների կատարելությունը ուղղակիորեն կախված է դրանց մասին տեսական պատկերացումների մակարդակից և կրթական ոլորտի իրավաբանական պրակտիկայի որակից։ Իրավաբանական գիտությունը կոչված է ժամանակին ներկայացնելու իրավունքի ձևերի բարելավման համապատասխան առաջարկություններ, իսկ պրակտիկան պետք է հմտորեն իրագործի գիտնականների առաջարկությունները՝ իրավունքի աղբյուրների ճկուն, հարաշարժ և արդյունավետ գործառնող համակարգ ստեղծելու նպատակով։ Կրթության համակարգի կրթական իրավունքի այդպիսի որակ ձեքբերելուց է կախված մեր պետության կրթական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և օրինականության ամրությունը։

Որո՞նք են ժամանակակից Հայաստանում կրթական իրավունքի աղբյուրների կատարելագործման