Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5) լրացուցիչ կրթությունը, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակությունը,

6) հետբուհական մասնագիտական կրթությունը ուսումնական հաստատությունների տարբեր աստիճանների տարրերն են, ապա նույն համարժեքությամբ էլ ծրագրերն են:

Օրենսդիրը հավանաբար լրացուցիչ կրթությունը մտցրել է հեաբուհական կրթության մեջ:

Օրենքով սահմանված կարգով կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաև ոչ ուսումնական հաստատություններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ:

Այդ մակարդակներից և ուղղվածությունից բխող (հումանիտար, տեխնիկական, բժշկական և այլն) յուրաքանչյուրին բնորոշ են թե՛ համապատասխան կրթական գործունեության (կրթական գործընթացի) առանձնահատկությունները, թե՛ կրթական ծառայությունների մատուցումը:

Օրենսդրության այս թվարկումից առանձնացվել են մի քանի մակարդակներ (կրթական ցենզեր), որոնք թույլ են տալիս այս կամ այն մակարդակի ուսուցումն ավարտած անձին ստանալ կրթության վերաբերյալ սահմանված նմուշի փաստաթուղթ: Նախատեսված նման կրթական ցենզերը վեցն են՝

  • հիմնական ընդհանուր կրթություն,
  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն,
  • նախնական մասնագիտական կրթություն,
  • միջին մասնագիտական կրթություն,
  • բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • հետբուհական մասնագիտական կրթություն:

Այսպիսին են կրթական իրավաստեղծման առավել էական գծերը: Նյութի շարադրմանը զուգընթաց ուշադրություն կդարձվի նաև դրա այլ առանձնահատկությունների վրա:


Գլուխ 4.4. Կրթության մասին օրենքների գործողությունը ժամանակի ընթացքում և տարածության մեջ

4.4.1. Կրթական օրենքների գործողությունը ժամանակի ընթացքում

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 78-ը սահմանում է, որ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ՝ միայն օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող, կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե օրենքներով, ինչպես նաև կա՛մ փոփոխություններ կա՛մ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: