Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից:
Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն՝ վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության և այլն) վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:
Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետն անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ:
Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ ակտի կամ դրա առանձին մասերի համար: Այս դեպքում, պետք է նշվի ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:
Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:
Այսպես օրինակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների մասին հոդված 38-ով սահմանված են՝
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 7-րդ հոդվածի 8-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչեւ 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5 և բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց կրթությունը շարունակվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:
2. Պետական ուսումնական հաստատությունների տեսակների համապատասխանեցումը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցով՝ մինչեւ 2011-2012 ուսումնական տարին:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա՝ մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը: Իսկ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին՝ համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի և ժամանակացույցի: Համապատասխան հավաստագիր չստացած կամ մրցույթում չհաղթած տնօրենի լիազորությունները դադարեցվում են, կամ՝ 6. սույն օրենքի 34-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 1-ից և այլն:
4.4.2. Կրթաիրավական ակտերի գործողությունը տարածության մեջ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 80-ը սահմանում է, որ կրթության մասին ՀՀ օրենքների և դրանցում կատարվող փոփոխությունների գործողությունները տարածվում են կրթության հարցերով ընդունած ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ վարչապետի որոշումների, ՀՀ կրթության և գիտության նախարարի ընդունած գերատեսչական ակտերի, մարզպետների և Երևանի քաղաքապետի ընդունած, բայց ուժի մեջ մտած օրենքներին հակասող նորմատիվ որոշումների վրա, իսկ գործողությունը տարածվում է ՀՀ ողջ տարածքի վրա: