Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այդքան արդյունավետ չեն կարող լինել, քանի դեռ մեր ուշադրությունը չի ուղղվել գերկարևոր համարվող կրթական իրավունքի ճյուղի առարկայի համընդհանուր դասավանդմանը։

Սրանով մենք տեսաբան իրավաբանների և մյուս մասնագետների մասնագիտական ուշադրությունը և հետաքրքրությունը կբևեռենք կրթական իրավունքի տեսակիրառական հարցերին։ Իրավագետների և այլ մասնագետների շրջանակի ընդլայնմանը զուգահեռ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենում իրավունքի տեսական և գործնական խնդիրների մշակմանը, մեծանում է կրթության իրավունքի՝ որպես իրավունքի ինքնուրույն ճյուղի գաղափարը տարածելու և սրա կողմնակիցների քանակը ավելացնելու խնդիրը։ Սակայն, հնացած կարծրատիպերի վերջնական հաղթահարման համար անհրաժեշտ է կրթական իրավունքի համակարգային կառուցվածքի, իրավունքի մյուս ճյուղերի հետ նրա կապերի խորացած ուսումնասիրում, և ներկայացում իրավագիտական հասարակության դատին նոր, համոզիչ փաստարկներ, որոնք վկայում են լայնորեն տարածված, սակայն հնացած պատկերացումների փոխարինման անհրաժեշտության մասին /63, Ս. Ռ. Սիկուլինսկի, Մ. Գ. Յարոշչենկո, էջ՝ 7/։

Գիտական պարադիգմայի փոխարինման գործընթացն առավել արագ և հաջող կընթանա, եթե այս հարցում կանխակալ կարծիք չունեցող իրավագիտության ներկայացուցիչները լիարժեք և բազմակողմանի ուսումնասիրեն այս հիմնախնդրի էությունը և ավելի հաճախ իրենց հետազոտության արդյունքներով ձևավորված փաստարկները ներկայացնեն գիտական հասարակայնության դատին։ Այս ուղղությամբ անգամ ռուս իրավագետներն ակնհայտորեն ետ են մնում և կրթական իրավունքի համակարգային կառույցին նվիրված մենագրությունները միշտ չէ, որ պարունակում են անհրաժեշտ փաստարկներ։

«Կրթական օրենսդրություն՝ տեսական և գործնական խնդիրներ» վերնագրով բավականին խոստումնալից աշխատությունում /64. 1996թ./ Վ. Ի. Շկատուլլան կրթական իրավունքի համակարգային կառուցման խնդիրներին ընդամենը մի քանի տող է նվիրում և այսպիսի բովանդակությամբ. «Կրթական օրենսդրությունը Ռուսաստանի իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է։ Սա համալիր ճյուղ է, որը ներառում է տարբեր ճյուղերի նորմերը՝ մանկավարժական, աշխատանքային, վարչական, քաղաքացիական, ֆինանսական և այլն։ Այս նորմերը միավորված չեն իրավական կարգավորման միասնական մեթոդով, սակայն կապված են կարգավորման առարկաների և խնդիրների հետ։ Այս բոլոր նորմերը կարգավորում են միասնական կրթական տարածություն, միասնական կրթական հարաբերություններ։

Կրթական օրենսդրությունը ստեղծված է հասարակական կյանքի կարևորագույն ոլորտի՝ կրթության կարգավորման համար։ Կրթական օրենսդրության կարգավորման առարկան հանդիսանում է կրթական ոլորտը» /65, էջ 68/։

Կարևորագույն գիտական հիմնախնդրի այսպիսի «փաստարկումը» ավելի շուտ ջուր է լցնում նրա հակառակորդների ջրաղացին, քան առաջ է մղում նրա գիտական լուծումը։

Առաջին հերթին, կրթական իրավունքի ինքնուրույն ճյուղ լինելու իրավունքը, որի մասին խոսում է հեղինակը որպես արդեն կայացած փաստ, դեռ անհրաժեշտ է ապացուցել։ Իսկ աշխատանքում անհրաժեշտ փաստարկները բացակայում են։

Երկրորդ, թեզն այն մասին, որ «կրթական իրավունքը Ռուսաստանի իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է», Վ.Ի.Շկատուլլան հաստատում է փաստարկներով, որոնք ավելի շուտ վկայում են հակառակի մասին։

Հեղինակն ընթերցողին վստահեցնում է, որ կրթական իրավունքը իրենից ներկայացնում է համալիր ճյուղ, որը բաղկացած է տարբեր ճյուղերի նորմերից և չունի իրավական կարգավորման միասնական մեթոդ։ Սակայն եթե իրավունքի նորմերի մի հոծ զանգված բնութագրվում է նմանատիպ նշաններով, այն կարող է միայն օրենսդրության մաս լինել, բայց ոչ մի կերպ՝ «իրավունքի ինքնուրույն ճյուղ»։ Համաձայն ռուս իրավագետների ձևավորված տեսակետների, իրավունքի նորմերի հավաքածուն հանդես է գալիս որպես իրավունքի ճյուղ այնքանով, որքանով այն տիրապետում է իրավական կարգավորման ինքնուրույն մեթոդի։

Վ.Ի. Շկատուլլան հիանալի հնարավորություն ուներ հստակեցնել և զարգացնել իր դիրքերը դրանից հինգ տարի հետո լույս տեսած «Կրթական իրավունք» ծավալուն աշխատության մեջ