Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև վերջ չտարրալուծվելով օրենքի հետ, այնուամենայնիվ, իր ոգին՝ ազատությունը, հավասարությունը, և բռնազերծությունը փորձում է առաջին հերթին արտահայտել և ամրագրել օրենքով։ Դրա համար էլ կրթական ոլորտում գործող պոզիտիվ օրենսդրությունը նաև իրավունք է։ Այսօր այն իրենից ներկայացնում է բարդ և բազմաստիճան նորմերի համակարգ, որոնք կարգավորում են ուսումնական հաստատությունների գործունեությունը կամ բխում դրանից։ Դրա համար, ըստ իրավազորության աստիճանի, հիմք են հանդիսանում թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ միջազգային օրենսդրությունը, թե՛ կրթության մասին օրենքներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը, անգամ՝ օրենսդրական նորմերով ընդունված կրթական երկարաժամկետ ծրագրերը։ Եթե ՀՀ Ազգային ժողովն ընդունի նաև սոցիալական ուսմունքն ու դրա բաղադրամասը կազմող ազգային կրթական ուսմունքը, ուրեմն, այն ևս ստորակարգության կարգով իր տեղը կգրավի սահմանադրությունից հետո։

Անհրաժեշտ է շեշտել ևս մի հանգամանք. ուսումնական հաստատությունը ինքնավար է. միավորում է մարդկանց մի մեծ խումբ, ովքեր պետք է իրականացնեն իրենց կանոնադրական խնդիրները։ Դրա համար էլ այդ հաստատություններն իրենց անդամների համար իրավունք ունեն ձևավորել որոշակի վարքագծի կանոններ՝ որպեսզի առավելագույնս արդյունավետ կազմակերպեն իրենց աշխատանքը՝ հասնելու համար դրված նպատակներին և խնդիրներին։ Այդ պատճառով էլ կրթական իրավունքի մեջ են մտնում ուսումնական հաստատությունների կողմից մշակված և ընդունված լոկալ իրավական ակտերը, որոնք արտահայտում են ուսումնական հաստատություններում ծագող հարաբերությունների մասնակիցների կամքը։ Հետևաբար, այս համախումբը կարող ենք համարել նաև կորպորատիվ իրավունք։

Կարծում ենք, որ այս դասընթացի հրատարակությունը հայ մասնագետների հետաքրքրությունը կբևեռի կրթական իրավունքի տեսակիրառական հարցերին։

Իրավունքի յուրաքանչյուր ինքնուրույն ճյուղի առարկան որոշակի ներքին միասնությամբ բնութագրվող հասարակական հարաբերություններն են, որոնք կարգավորման հատուկ մեթոդների հետ միասին հնարավորություն են տալիս սահմանազատել իրավունքի տվյալ ճյուղն իրավունքի այլ ճյուղերից։

Այսպես է եղել օրինակ, սոցիալական ապահովության իրավունքի հետ, երբ այդ իրավունքի ճյուղի ինքնուրույնության մասին հարցն առաջին անգամ բարձրացվեց և քննարկվեց 1966թ.–ին Պրահայի միջազգային գիտաժողովում։ Ելույթ ունենալով այնտեղ, չեխ իրավագետ, պրոֆեսոր Ի. Թոմեշը և Խորհրդային Միությունը ներկայացնող այն ժամանակվա Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի ռեկտոր երջանկահիշատակ Վ. Ս. Անդրեևը ներկայացրին իրենց ուսումնասիրությունները սոցիալական ապահովության առարկայի կարգավորման մեխանիզմների առանձնահատկությունների մասին, որով հիմնավորում էին, որ այն իրավունքի ինքնուրույն ճյուղ է։ Նույն Վ. Ս. Անդրեևը, ով արդեն վերը նշված բուհի աշխատանքային իրավունքի ամբիոնի վարիչն էր, 1970 թվականին հրատարակելով սոցիալական ապահովության իրավունքի առաջին դասագիրքը, դարձավ ԽՍՀՄ-ում այդ իրավունքի առանձին ճյուղի հիմնադիրը և գիտականորեն հիմնավորողը։

Հայ իրավագետ մասնագետների թվաքանակի զինանոցի սակավությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կրթական իրավունքի մասին հետագա հետազոտությունների ծավալման գործին։ Նկատի ունենալով ՀՀ կրթության և գիտության նախարարության օրենսդրական դաշտի համալրման վերջին տարիների նվաճումները, կարծում եմ, Հայաստանի մի շարք բուհերում արդեն ձևավորվել են ստեղծագործ երիտասարդ կոլեկտիվներ, ովքեր փորձառու իրավագետների հետ միասին ավելի կխորացնեն այս իրավունքի ճյուղի՝ տարբեր ինստիտուտների հիմնավորվածությունը։

Այս ուղղությամբ մեր առաջին քայլը պետք է լինի՝ մշակել և ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացնել ՀՀ սոցիալական ուսմունքը՝ «կրթության ազգային ուսմունք» բաղադրամասով,

երկրորդ՝ պետք է շարադրել արդի կրթության միասնական քաղաքականության ռազմավարությունը,

երրորդ՝ կրթական իրավունք առարկայի դասընթացը,

չորրորդ՝ կրթության մասին օրենսգրքի հայեցակարգը,