Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հինգերորդ՝ ընդունել կրթության մասին օրենսգիրքը։

Իրավունքի տեսական և գործնական խնդիրներով զբաղվող իրավագետների և այլ մասնագետների շրջանակի ընդլայնմանը զուգահեռ, կխորանա կրթական իրավունքի՝ որպես իրավունքի ինքնուրույն ճյուղի գաղափարը տարածելու և դրա կողմնակիցների քանակն ավելացնելու խնդիրը։ Սակայն հնացած կարծրատիպերի վերջնական հաղթահարման համար անհրաժեշտ է կրթական իրավունքի համակարգային կառուցվածքի, իրավունքի մյուս ճյուղերի հետ ունեցած կապերի խորացած ոաումնասիրությունների իրականացում, որոնցով իրավագիտական հասարակության դատին կներկայացվեն նոր, համոզիչ փաստարկներ, որոնք լրացուցիչ կվկայեն որոշ չափով այդ շրջանակներում տարածում գտած, սակայն հնաոճ պատկերացումների փոխարինման անհրաժեշտության մասին։ Մեր կածիքով, առ այսօր թույլ ենք տվել մարտավարական սխալներ, այսինքն՝ սկսել ենք գործել ներքևից, իրավական ակտերի ընդունման բաղադրամասերից՝ կրթության տարբեր աստիճանների մասին օրենքներ ընդունելուց, հետագայում ակնկալելով ստանալու ամբողջը՝ առանց սկզբում պարագծելու մեր բաղձալին։

Հայաստանի անկախությունը հնարավոր է դարձրել ընդունելու հարյուրավոր օրենքներ, որոնք կամաց-կամաց լրացնում են հայաստանյան իրավական դաշտը։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ անգամ հսկայական իրավագիտական միտք և ռեսուրսներ ունեցող երկրները դեռևս կրթական իրավունքը որպես իրավունքի առանձին ճյուղ ճանաչելուց և կրթական օրենսգիրք մշակելու հարցերի մշակման նախաձեռնություններից բավականին հետ են մնացել, իսկ որոշները դեռևս շարունակում են այս մասին քննարկումները /Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն/։ Սակայն, հաշվի առնելով հայաստանյան պայմանները, կրթության ունեցած առանձնահատուկ դերակատարումը հայ հասարակության և հայկական պետականության ամրապնդման գործում, կարծում ենք, որ մենք ևս կարող ենք նման աշխատանքների մեջ խորամուխ լինել։

Ցանկացած իրավունքի ճյուղ, այդ թվում կրթական իրավունքը, հայաստանյան իրավունքի ճյուղերից առանձնացնելը և զուգահեռ կրթական օրենսգիրք ստեղծելը շատ բարդ խնդիր է։ Մի կողմից հնարավոր չէ դրանք առանձին-առանձին ստեղծել, քանի որ մեկը մյուսին ուղղորդողն է, մյուս կողմից՝ այլ երկրների արդեն իսկ մշակված կրթական օրենսգրքերի նախագծերի նախադեպերը հայկական միս և արյուն չունեն, դրանք մեր հագով չեն լինի։ Բացի այդ, դրանով կկորսվի այդ ոլորտի իրավական ձեռքբերումների մշակույթը, թևաթափ կլինի հանրապետության իրավունքի գծով գիտական միտքը, կստեղծի ավելորդ բարդույթներ, իբր մենք նման գործով զբաղվելու անկարող ենք։ Մանավանդ որ, ինչպես վերևում նշեցինք, կրթական իրավունքը որպես այդպիսին դեռևս համընդհանուր ճանաչում չի գտել, անգամ այլ երկրներում այս հիմնախնդիրն ամբողջականորեն չի լուծված դեռևս։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գիտական գրականության մեջ կրթական իրավունքի տարբեր ինստիտուտների վերաբերյալ կան շատ լավ վերլուծականներ։ Սակայն կարծում ենք, որպեսզի ապահովվի կրթական իրավունքի և կրթության մասին ՀՀ օրենսգրքի միասեռ, միաբջիջ երկվորյակ քույրեր լինելու հարցը թե՛ կրթության իրավունքի դասագիրքը կամ ուսումնական ձեռնարկը և թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենսգիրքը միասին պետք է շարադրվեն։

Վերլուծելով կրթական ոլորտի իրավական հիմնահարցերի հայաստանյան լուծումները, կարելի է պնդել, որ դրանք մեծ հաշվով բավականին ընդարձակ կրթական իրավական ծածկույթ են ապահովում։ Համեմատելով ԱՊՀ մի շարք երկրների կրթական օրենսդրությունների հետ, անգամ կարող ենք հաստատել, որ կրթության ոլորտը կարգավորող մի շարք օրենքների ընդունումը մեզ մոտ ավելի վաղ և որակով է իրականացվել։ Հետևաբար, կրթության ոլորտը կարգավորող օրենքերի արդեն գոյություն ունեցող զանգվածն ակնհայտ է, սակայն կրթության իրավունքը, որպես առանձին իրավունքի ճյուղ լինելու բանավեճային բնույթ կրող հանգամանքը, պետք է հնարավորինս լավ հիմնավորվի և դուրս մղվեն այն կասկածները, որոնք արտաքուստ կեղծ պատկերացում են ստեղծում, թե իբր կրթական իրավունքը, ընդամենը, օրենսդրության համալիր ճյուղ է։

Սա հնարավորություն է տալիս հորիզոնական ընդունված, որոշ չափով կյանքում փորձաքննություն անցած գործող կրթության օրենքներից անցում կատարել ուղղահայացի՝ օգտագործելով արդեն իսկ եղած ձեռքբերումները։ Ինչ-որ չափով սա հեշտացնում է մեր գործը։