Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատանքային գործունեություն միայն անձամբ, իր գործողություններով: Դրա պատճառով աշխատունակ մարդը և՛ իրավունակ է, և՛ գործունակ: Վերջինիս բացակայությունը՝ առողջական վիճակից կամ տարիքից ելնելով, համարժեք է աշխատանքային իրավահարաբերության սուբյեկտ լինելու և սեփական իրավունակության իրականացման անհնարինության։

Գործունակությունը բաժանվում է՝

  • ընդհանուրի և
  • հատուկի:

Ընդհանուրին վերաբերում են իրավաբանական բոլոր գործարքներն առանց բացառության,

Հատուկը տարածվում է միայն տվյալ գործարքների խիստ որոշակի տեսակի վրա:

Բնական պատճառների հետևանքով իրավունակությունը և գործունակությունը ոչ միշտ են համընկնում: Բոլոր մարդիկ իրավունակ են, սակայն միաժամանակ ոչ բոլորն են գործունակ: Ի հակառակ դրա՝ բոլոր գործունակ մարդիկ իրավունակ են: Հետևաբար, իրավունակությունն ավելի լայն հասկացություն է, քանի որ տարածվում է մարդկանց լայն շրջանակի վրա: Առանձին-առանձին գործունակության հատկանիշներն ընկած են, արդեն, հենց մարդկանց էության և նրանց կյանքի պայմանների հիմքում:

Այստեղ պետք է նկատի ունենալ նաև, որ ամեն անգամ չէ, որ բոլոր մասնակիցներն են դառնում կոնկրետ ձևի իրավահարաբերությունների սուբյեկտ, ավելի ճիշտ, մի դեպքում կրթական գործընթացի մասնակիցը իրավահարաբերության սուբյեկտ է, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Օրինակ, դասը վարող ուսուցիչը /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողը/, մի կողմից կրթական իրավահարաբերության սուբյեկտ է այն իմաստով, որ նրա մանկավարժական գործունեության սկիզբը և իրականացումը միջնորդավորված է համապատասխան նորմատիվ-իրավական ակտերով (բոլոր մանկավարժներն աշխատանքի են անցնում հրամանի կամ պայմանագրի հիման վրա, որի համար նրանց վճարվում է աշխատավարձ՝ ըստ իր որակավորման կատեգորիայի և այլն): Մյուս կողմից, դասավանդման մեթոդների և մեթոդական հնարքների սեփական յուրահատուկ ձևերի ընտրության և կիրառման մանկավարժական գործընթացը, որը նրանք զուգակցում են տարբեր հոգեբանական հնարքների օգտագործման, մանկավարժա-հոգեբանական և բարոյական հարաբերությունների հաստատման հետ, անուղղակիորեն նորմատիվային իրավական ակտերով չեն կանոնակարգվում: Տվյալ դեպքում, մանկավարժը միայն կողմնորոշվում է ավելի ընդհանուր սկզբունքներով, նպատակներով, դրույթներով և նորմերով:

Միևնույն ժամանակ, կրթական իրավունքում իրավունակության և գործունակության հարաբերակցությունը քաղաքացիա-իրավական բաղկացուցիչ մասի գործողությունների համեմատ, սահմանափակված չէ: Օրինակ, ուսումնական հաստատություններում սովորող վեցից մինչև տասնութ տարեկան անձինք (սաները) կրթական ծրագրերի ուսուցման և յուրացման հարաբերություններում գործունակ են համարվում բավական լայն շրջանակով: Նրանք ինքնուրույն են յուրացնում կրթական ծրագրերը, ինքնուրույն հանձնում ատեստավորումները, ունեն գրադարաններից անվճար օգտվելու, կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու, իրենց մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունք և այլն, ինչպես նաև կարող են և պետք է կրեն իրավական պատասխանատվություն ուսումնական գործընթացում իրենց հանձնարարված նյութը /առարկան/ չյուրացնելու կամ թույլ տված կարգապահական զանցանքների համար:

Կրթական հարաբերությունների բոլոր սուբյեկտները կարող են դասակարգվել տարբեր չափանիշներով: Սակայն առավել նպատակահարմար է սուբյեկտներին դասակարգել՝

  • անհատականների (աշակերտ, ուսուցիչ, ուսանող, կրթական հաստատության տնօրեն (ռեկտոր) ծնող կամ երեխայի օրինական ներկայացուցիչ),
  • ինստիտուցիոնալների (կրթական հաստատությունները, դրանց ստորաբաժանումները, կրթության կառավարման մարմինները և այլն): Բայց, ամեն դեպքում, գլխավոր իրավաբանական բնութագրիչը, որն արտահայտում է հենց դրանց իրավական որակը՝ հատկապես որպես կրթական իրավահարաբերությունների սուբյեկտ լինելը, հանդիսանում է նրանց իրավասուբյեկտությունը, ինչը կրթական հարաբերությունների անհատական և ինստիտուցիոնալ մասնակիցների