Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործող օրենսդրությամբ նախատեսված ունակությունն է՝ լինելու կրթական սուբյեկտիվ իրավաբանական իրավունքների և իրավաբանական պարտականությունների կրողը:

Կրթական հարաբերությունների այս կամ այն մասնակցի իրավասուբյեկտության հենց բովանդակությունը և առանձնահատկություններն են զգալի չափով, եթե ոչ որոշիչ, գոնե պայմանավորում նրանց իրավական կարգավիճակի յուրահատկությունը, ինչի մասին ավելի մանրամասն կխոսվի այս ուսումնական ձեռնարկի հատուկ մասի գլուխներում:

Սուբյեկտների իրավահարաբերությունների մասնակցության չափը որոշվում է նրանց իրավունակությամբ և գործունակությամբ:

Գործունակության բովանդակությունն ու ծավալը կախված են մի շարք գործոններից.

1. Իրավունակ սուբյեկտի տարիքից: Բոլոր երկրների օրենսդրություններն էլ սահմանում են քաղաքացիական չափահասության տարիք, որին հասնելով անհատը դառնում է գործունակ, այսինքն՝ կարող է իր գործողությունների ողջ ծավալով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերել և իր համար ստեղծել քաղաքացիական պարտականություններ /քաղաքացիական գործունակություն/: Հավասարապես՝ օրենսդրորեն սահմանվում է քաղաքական չափահասության տարիքը, որին հասնելով, քաղաքացին ձեռք է բերում քաղաքական իրավունքներ և կրում է համապատասխան պարտականություններ /օրինակ, իրավունք ունի ընտրելու և ընտրվելու պետական իշխանության մարմիններում/: Վերջապես, բոլոր երկրներում սահմանվում է ամուսնության չափահասության տարիք, երբ մարդը կարող է ամուսնանալ և լրիվ ծավալով իրականացնել ամուսնա-ընտանեկան իրավունքներն ու պարտականությունները: Հայաստանյան ընտանեկան օրենսգրքի համաձայն, ամուսնական տարիքը տղամարդկանց համար սահմանված է 18, իսկ կանանց համար՝ 17 տարեկանը:

2. Սուբյեկտի տարիքից կախված, նրա գործունակությունը լինում է լրիվ կամ սահմանափակ: Այսպես, անչափահասները գործարք են կատարում միայն ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ բացի մանր գործարքներից:

3. Սուբյեկտների գործունակության վրա ազդում է նրանց առողջական վիճակը: Եթե հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով քաղաքացին չի կարողանում հասկանալ իր գործողությունների նշանակությունը և այն ղեկավարել, ապա նա դատարանի կողմից կարող է ճանաչվել անգործունակ: Այդպիսի անձանց քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները՝ խնամակալները: Օրենքով սահմանված կարգով, սահմանափակվում է թմրամոլությամբ և ալկոհոլամոլությամբ տառապողների գործունակությունը:

4. Գործունակության վրա որոշ չափով ազդում են սուբյեկտների ազգակցական կապերը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք երկրներում արգելվում է նույն ուսումնական հաստատությունում /կազմակերպությունում/ ամուսիններին, երեխաներին և մոտ ազգականներին զբաղեցնել որևէ պաշտոն, եթե թվարկածներից մեկն ըստ ծառայության բնույթի ենթարկվում է մյուսին:

5. Գործունակության բովանդակության վրա ազդող հաջորդ գործոնը սուբյեկտների օրինապահությունն է: Հանցագործություն կատարած անձը, որը դատապարտվել է ազատազրկման, անգամ պատիժը կրելուց հետո որոշակի ժամանակահատվածում, իրավունք չունի մանկավարժ, առավել ևս ուսումնական հաստատության ղեկավար աշխատելու համար դիմել անգամ:

6. Գործունակության բովանդակությունը կախված է նաև սուբյեկտների կրոնական համոզմունքներից: Իրավական պետությունում, ուր հռչակվում և երաշխավորվում են դավանանքի ազատությունը, հավատացյալներն իրենց կրոնական համոզմունքներից ելնելով կարող են հրաժարվել կատարելու մի շարք իրավունքներ ու պարտականություններ, որոնցով նրանք, որպես պետության քաղաքացիներ, օժտված են: Օրինակ, բանակում կամ որոշ պետական մարմիններում ծառայելը, ուր այլ անձանց նկատմամբ անհրաժեշտ է օգտագործել զենք, կիրառել բռնություն: Այդ պատճառով ստեղծված են այլընտրանքային ծառայություններ և այդ անձանց ներգրավում են ծերանոցներում, բժշկական հիմնարկներում մասնագիտություն չպահանջող աշխատանքներ կատարել: