Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

«Կրթական իրավունք» առարկայի ուսումնական դասընթացը նախատեսված է մասնագիտական ուսուցման բոլոր ձևերի ուսանողների համար։ Դասընթացը կօգնի մանկավարժական և իրավագիտական մասնագիտությունների գծով ուսանողներին առավել հիմնավոր ծանոթանալու կրթության ոլորտի իրավական կարգավորմանը, կրթական ուսմունքի և կրթական քաղաքականության հայեցակարգային մոտեցումներին, ինչպես նաև դրանցում առկա տեսական և գործնական հիմնախնդիրներին։

Դասընթացի ընթացքում ուսանողները կծանոթանան «Կրթական իրավունք» առարկայի բովանդակությանը, մեթոդներին, սկզբունքներին, աղբյուրներին, ինչպես նաև այն բոլոր հիմնավորումներին, որոնցով վստահորեն կարելի է պնդել, որ այն հայկական իրավունքի առանձին և ոչ թե իրավունքի համալիր ճյուղ է։

Մանրամասն քննարկվում են նաև կրթական գործընթացում ձևավորվող իրավահարաբերությունների առանձնահատկությունները, կրթության սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, կրթական համակարգի բաղադրատարրերը՝ մասնավորապես, կրթության աստիճանների տիպերի ու ձևերի պետական կրթական չափորոշիչների, կրեդիտային համակարգի և կրթական ծրագրերի իրավական կարգավորման հարցերը, կրթական և ուսումնական հաստատություններ ընդունվելու կարգերը, կրթական պայմանագրերը, աշխատողների և սովորողների ատեստավորման պայմանները, ինչպես նաև կրթական հաստատությունների հավատարմագրման, կրթության կառավարման որոշ հարցեր։

«Կրթական իրավունք» առարկան ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև կրթաիրավական գիտաճյուղի հիմնախնդիրներին, սկզբունքներին, գործառույթներին, կրթաեզրույթաբանական շտեմարանին, կրթաիրավական մշակույթի էությանը, հայաստանյան կրթական բարեփոխումների իրականացման պայմաններին ու ուղղություններին։

«Կրթական իրավունք» առարկայի համընդհանուր տեսական նշանակությունն այն է, որ մի շարք իրավունքի ճյուղերի հետ միասին կազմում է համալիր ինստիտուտներ, առաջադրում դրանց մանրամասն փոխշաղկապվածության հարցերը։

Ուսումնական այս առարկան կազմված է՝ հիմնվելով արդի գիտական-տեսական դատողությունների և մինչև 2011թվականի հոկտեմբերը գործող ՀՀ օրենսդրության վրա։

Առավել ուշադրություն է դարձվում կրթական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավունքներին և պարտականություններին, անչափահասների գործունակությանը, հատուկ սոցիալ-կրթական երաշխիքներին, օրինական հետաքրքրություններին և շահերին, սուբյեկտիվ պատասխանատվություններին և դրանց ձևերին։

Ուսումնական ձեռնարկի նյութերը կարող են օգտագործել նաև կրթության կառավարման մարմինները, քաղաքագետները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև իրավաստեղծ գործունեությամբ զբաղվողները։

Իհարկե, մի դասագրքում հնարավոր չէ ներկայացնել ժամանակակից կրթական իրավունքի առ այսօր ձեռք բերած ամբողջ հարստությունը։ Մենք դրան չենք էլ հավակնում, այլ ընդամենը փորձել ենք դառնալ կրթական իրավունքի ձեռքբերած գիտելիքների ճանապարհի բանահավաքչի-հետազոտող-վերլուծող-շարադրողի նախաշավիղներից մեկը։

Մեր դասագիրքը մյուսներից, առաջին հերթին, տարբերվում է նրանով, որ այստեղ առավել ուշադրություն է դարձվել բուն հայաստանյան կրթական օրենսդրությանը ու նաև այդ հիմքով է շարադրվել կրթական իրավունքը, հաշվի առնվել մեր օրենսդրության նվաճումները և բացահայտվել խոցելի կողմերը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել այն նոր ուղղություններին, որոնց պակաս ուշադրություն է դարձված, բայց առավել կարևոր են հայաստանցի մասնագետների և ուսանողների համար։

Կրթական իրավունքի մասին գիտելիքների ցանկն ընտրված է ընդհանուրից գնալով դեպի մասնավորը, պահպանելով շարադրանքի այնպիսի այբբենականություն, որը հնարավոր է