Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձնում քարը քարի վրա դնելով ստանալ կրթական իրավունքի ճարտարապետական ճիշտ կառույցի հիմնակմախքը։ Անհրաժեշտության դեպքում, հղումներ են կատարվել այլ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, կրթական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված գիտական մենագրությունների, հոդվածների և փոխադրությունների։

Եվ վերջապես, այն ստեղծվել է մայրենի լեզվով նման դասագիրք ունենալու երկար տարիների ցանկությունն իրականացնելու և շահագրգիռ բոլոր կողմերին կրթական իրավունքի միասնական հասկացողություն և կիրառում ապահովելու համար։

Հայաստանում այսօր «Կրթական իրավունք» առարկան չի դասավանդվում, փոխարենը՝ այդ առարկայի տարբեր մասեր դասավանդվում են միայն որոշ համալսարաններում։ Մնացած շրջանակներում դեռևս անդորր է, և, հետևաբար, համարել, թե կրթական իրավունքի գծով կրթվածության մակարդակը մեզանում բավարար է, ամենևին ճիշտ չի լինի։ Եվ բանը միայն այն չէ, որ շատերը կրթական իրավունքի մասին կցկտուր և ոչ համակարգված գիտելիքներ ունեն։ Գլխավոր խնդիրն այն է, որ քաղաքական վերնախավի, քաղաքացիական ծառայողների, մտավորականների մի մասը բավարար պատկերացում չունեն ո՛չ կրթության, ո՛չ կրթական իրավունքի փոփոխությունների իրական շարժիչ ուժերի, ո՛չ նրանց հետևանքների, ո՛չ ամբողջ հասարակության և հենց իրենց կյանքի վրա նրանց ունեցած ազդեցությունների ներուժի մասին։ Եվ դա, ցավոք, վերաբերում է նաև որոշների, ովքեր մասնագիտորեն զբաղվում են կրթական իրավունքի գործնական իրացմամբ, հասարակական և հումանիտար որոշ առարկաների դասավանդմամբ ու լուսավորմամբ։

Հավանաբար, հենց կրթական իրավունքի թելադրանքներին անծանոթ լինելն է նաև պատճառ՝ երբեմն կրթական ոլորտի որոշ բարեփոխումների հասցեին չորս կողմից հանիրավի հնչող քարկոծումները։

Այս դասագրքի նպատակներից մեկն էլ հումանիտար կրթության այդ բացը լրացնելն ու կրթական իրավունքի կրթվածությունը և հումանիտար մասնագետների իմացության մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև համալսարանականների, կրթական ոլորտի աշխատողների՝ հատկապես ՀՀ քաղծառայողների, հասարակական կազմակերպությունների անձնակազմերին վերապատրաստման ուղեցույց առաջարկելը։ Դրանով մենք կօգնենք կրթության ոլորտի որոշում կայացնողներին, որ նրանք իրենց առօրյա աշխատանքային գործունեության մեջ առաջնորդվեն կրթական իրավունքի մասնատարրերի թելադրանքներով։

Մեր կարծիքով, ուրվագծել ենք այն կարևոր գիտելիքների հիմնակմախքը, որ գործնականում պետք է իմանա կրթության հետ առնչվող յուրաքանչյուրը։ Նաև գիտակցում ենք, որ հնարավոր է այդ ուրվագիծն ամբողջական չլինի, այդ պարագծումից սպրդումներ լինեն, կամ որոշ հարցերի անդրադարձած լինենք ոչ բավարար խորությամբ։ Սակայն հուսով ենք, որ ուսումնական ձեռնարկի նման ուղղորդումները դասախոսներին և հետազոտող ուսանողությանը հնարավորություն կտան հետագայում լրացնելու և խորացնելու դրանք։

Կարծում ենք, որ ներկայացված մասնագիտական գիտելիքներն ավելի անհրաժեշտ են հատկապես նրանց, որոնց մասնագիտության և կյանքի գործն է ապագա սերնդի կրթվածությունն ու դաստիարակությունը, մեր տնտեսական և սոցիալական ոլորտների համար որակյալ կադրերով ապահովելը, կրթական ոլորտի օրենքների ճանաչումն ու հետագայում գործնական կիրառումը։ Խոսքը նաև հենց հիմունքների՝ որպես անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների նվազագույնի մասին է, որոնց պետք է տիրապետի կրթության ցանկացած աստիճանի մասնագետը։ Քանզի այդ գիտելիքներին և դրանց մեթոդաբանությանը տիրապետելով միայն կարելի է գործնականում ճանաչել, իմանալ և հասկանալ յուրաքանչյուր անհատի, հասարակության, գիտելիքի, կարողությունների, դաստիարակության և մարդկային վարքի շարժիչ ուժերն ու գործոնները, կրթական փոփոխություններն ընդհանրապես, որոնց միջոցով միայն կարելի է պլանավորելն իրականացնել արդյունավետ գիտական ոաումնասիրություններ կրթության բնագավառի ցանկացած ոլորտում, գործնականում հաջողությամբ կիրառել ստացված գիտելիքները, որտեղ էլ որ ապագայում աշխատելիս լինեն։

Նախաձեռնելով այս աշխատանքը՝ մենք փորձել ենք ի մի բերել ժամանակակից կրթության