Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապահովող պայմանները;

գ. ուսուցման որակը, որն արտահայտվում է սովորողների ուսումնառության և ուսուցիչներ (դասավանդողների) մանկավարժական աշխատանքի գործընթացի արդյունքները՝ հաստատված իրավական պահանջներին համապատասխան լինելու մեջ;

դ. դաստիարակչական գործունեության որակը, որն արտահայտվում է սովորողների մեջ այնպիսի անձնային գծերի, մասնավորապես նրանց սոցիալ-արժեքային և իրավաչափ ձևով ուղղորդված կողմնորոշումների և դիրքորոշումների բովանդակության և բնույթի համապատասխանության ապահովան մեջ, որոնք կհամապատասխանեն հասարակության մեջ գերիշխող քաղաքացու դաստիարակվածության յուրատեսակ «չափանիշներ» հանդիսացող դրական բարոյական արժեքներին ու նորմերին:

Իրավահարաբերությունների ծագման մեջ դրանց օբյեկտը որոշիչ դեր է կատարում: Այն միշտ հանդես է գալիս որպես գործուն դրդապատճառ, որը սուբյեկտներին մղում է ակտիվ գործողությունների, այդ թվում իրավահարաբերությունների մեջ մտնելու գործողության, որում յուրաքանչյուր կողմ ունի ոչ միայն սուբյեկտիվ իրավունքներ, այլ նաև՝ իրավաբանական պարտականություններ, քանի որ անհատը չի կարող այլ ճանապարհով բավարարել համապատասխան կենսականորեն անհրաժեշտ նյութական կամ հոգևոր բարիքների անհրաժեշտությունը: Այսպիսով, քաղաքացու՝ կրթություն ստանալու անհրաժեշտությունը կարող է բավարարել ուսումնական հաստատությունը /որոշ դեպքերում նաև անհատը/, որի համար քաղաքացին՝ երեխան կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է դպրոցի տնօրենին: Մի խոսքով, հասարակության կապերի տարբեր ձևերը առանձին անհատի նկատմամբ հանդիսանում են որպես նրա մասնավոր նպատակների միջոց, որպես արտաքին անհրաժեշտություն (Կ.Մարքս, Ֆ. Էնգելս, 80. հատ. 11 էջ՝ 710):

Կրթական հարաբերությունները, որպես պարտավորված կողմի իրականացվող գործողություն սոսկ հասկանալը կամ դիտարկելը, բերում է տարօրինակ հետևանքների: Այս պարագայում կարելի է ենթադրել, որ սովորողները մտնում են կրթական հարաբերությունների մեջ ոչ միայն կրթություն ստանալու, գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու, այլ մանկավարժների կողմից իր ձեռք բերած գիտելիքները վերահսկողության մեջ պահելու նպատակով:

Չբացառելով սովորողների վրա մանկավարժական վերահսկողության կարևորությունը, այնուամենայնիվ, կարծում ենք, որ կրթական հարաբերություններում սովորողի համար կարևոր որակյալ կրթություն ստանալն է, մի բան, որը չի կարող ցածր լինել պետականորեն հաստատված կրթական չափորոշիչների պահանջներից:

Մանկավարժների մեծ մասը գտնում են, որ սովորողներին մատուցվող կրթության հասկացությունը պետք է ավելի ընդլայնել և բերում են հստակ հավաստող փաստարկներ, որոնցով ավանդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների հետ մեկտեղ առաջարկում են նաև սովորողների առջև դնել հասարակության հոգևոր, բարոյական կողմնորոշման պահանջներ, քանի որ ժամանակակից մարդը պետք է լինի ոչ միայն կրթված, գիտելիքներով ծանրաբեռնված, այլև դաստիարակված, ստեղծագործական մեթոդներին և գիտական գործունեությանը տիրապետող:

Մարդը, միաժամանակ, պետք է լինի բարձր ինքնագնահատականով և բարձր բարոյականությամբ օժտված արհեստավարժ մասնագետ, պետք է ունենա հանդուրժողականություն, հավասարակշռվածություն, համբերատարությամբ լսի ուրիշի կարծիքը, անգամ եթե դա իր կարծիքից խիստ տարբերվում է: Մտավորական լինելն իր մեջ է ներառում նաև պատշաճակերպություն, մոլեռանդ ինքնագնահատականի բացակայություն (С. М. Каган. 82, էջ՝ 139):

Մարդը որպես անհատականություն չի ծնվում, այլ դառնում է: Այդ պատճառով է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքը կրթական գործընթացի անբաժանելի բաղադրամաս է համարում նաև դաստիարակությունը, որը ենթադրում է կրթություն ոչ միայն ընտանիքում և դպրոցում, այև բարձրագույն ուսումնական հաստատությունում: Կրթությունը պետք է ապահովի արդի աշխարհի և ընդհանուր մասնագիտական մշակույթի համաչափություն: