Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրթական իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման հիմք են հանդիսանում օրենքով սահմանված իրավաբանական փաստերը և նրանց կազմը (այսինքն՝ նրանց համալիրը):

Ընթացակարգային իրավահարաբերություններում հետազոտվում է, թե ենթադրյալ հիմնական իրավահարաբերության տվյալ օբյեկտի՝ քաղաքացու բուն իրավունքների համար գոյություն ունե՞ն համապատասխան իրավաբանական փաստեր, թե՞ ոչ:

Այսպիսով, կոնկրետ իրավունքի իրականացման հիմնական բարիքի /նաև նյութական/ իրավահարաբերությունը հաստատելուց առաջ արդեն նրան նախորդած ընթացակարգային իրավահարաբերություններում սահմանվում է՝ քաղաքացին ունի՞ տվյալ իրավունքը և եթե ունի, ապա հրամանով ձևակերպվում է կրթության այդ տեսակը, իսկ եթե՝ ոչ, ապա մերժվում է, քանի որ չկա այս կամ այն իրավաբանական փաստը:

Այդ պատճառով էլ, կրթական իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման համար իրավաբանական փաստերը, լինելով հիմք, ունեն որոշակի նշանակություն:

Իրավունքի ընդհանուր տեսությունից հայտնի է, որ իրավաբանական փաստերը որոշակի իրավական հետևանքներ առաջացնող կենսական հանգամանքներ են, որոնք ամրագրված են օրենքով:

Կրթական ոլորտի իրավաբանական փաստերը կրթության տարբեր աստիճանների օրենքներով ամրագրված կենսական կոնկրետ փաստերն ու հանգամանքներն են, որոնք կրթության ոլորտում հանգեցնում են որոշակի իրավական հետևանքների:

Իրավական փաստի հետ է կապված որոշակի տեսակի կրթություն ստանալու իրավունքի ծագումը, ինչպես նաև այդ իրավունքի ծագման հետևանքով առաջացող իրավահարաբերության գործողությունը:

Կրթության բնագավառում իրավաբանական փաստերի մի մասը փաստ-իրադարձություններ են (տարիք, կրթության մակարդակ, մտավոր կամ ֆիզիկական արատ, մահ և այլն): Բայց կրթության ընթացակարգային և դատավարական իրավահարաբերություններում նշանակություն ունեն նաև օրենքով սահմանված կարգով պետական միջոցների հաշվին կրթություն ստանալու, իրավահարաբերությունների սուբյեկտների գործողությունները բողոքարկելու և, համապատասխանաբար, իրավահարաբերությունների ընթացքում ծագող վեճերի լուծման դատավարական գործողությունները:

Իրավաբանական փաստերը, ինչպես իրավունքի նորմերը և իրավասությունը, կրթական իրավահարաբերություններում անհրաժեշտ նախադրյալներ են: Այս երեք նախադրյալների միաժամանակյա առկայության դեպքում միայն կարող է ծագել և գործել կրթական իրավահարաբերությունը: Կրթության բնագավառում միևնույն իրավաբանական փաստը կարող է լինել մի դեպքում՝ հիմնական, իրավունք ստեղծող, իսկ մյուս դեպքում՝ իրավունք դադարեցնող: Օրինակ, բուհի ավարտական պետական քննությունները հաջողությամբ հանձնած շրջանավարտին տրվում է ստացած կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմ /իրավաստեղծ իրավաբանական փաստ/, միևնույն ժամանակ դադարեցնելով նրա կրթաթոշակ ստանալու իրավունքը, որը իրավունք դադարեցնող փաստ է:

Սուբյեկտը, ով չի կարողանում բարձրանալ հասարակական մշակույթի առկա մակարդակին, չի կարողանա հասկանալ սեփական գործողությունների սոցիալական նշանակությունը, և որպես ակտիվ գործող անձ նա իրավունքի համար մահացած է:


Գլուխ 5.4. Սուբյեկտիվ իրավունքներ և սուբյեկտիվ իրավաբանական պարտականություններ

5.4.1. Սուբյեկտիվ իրավունքների հասկացությունը

Վերը նշված և այլ հանգամանքների բերումով իրավաբանական գրականության մեջ իրավահարաբերության