Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ կապված հարաբերությունների առավելագույնս լիարժեք, հստակ և հասկանալի նորմատիվ իրավական (օրենսդրական) կարգավորում,

2. ամրագրել իրավական երաշխիքների այնպիսի ամբողջականություն, որոնց գործի առումով ճիշտ կիրառումը կնպաստի արդարության հաստատմանը և հիմնավորված ու օրինական որոշման կայացմանը,

3. կանոնակարգել կրթական հարաբերությունների մասնակիցների նկատմամբ կարգապահական տույժերի և նյութական պատասխանատվության կիրառման գործընթացը։

Շարադրված խնդիրների լուծումներն իրենց արտահայտությունը պետք է գտնեն «Կրթության մասին» ՀՀ օրենքի «Կրթական հարաբերությունների մասնակիցների նկատմամբ նյութական և կարգապահական պատասխանատվության կիրառումը» ինստիտուտում /սահմանակարգում/։

Կարգապահական պատասխանատվության կամ նյութական վնաս պատճառելու փաստի առթիվ հետաքննության անցկացման համար ուսումնական հաստատությունը առաջնայինների թվում պետք է նախատեսի տեղեկատվության աղբյուրների լայն շրջանակ, այդ թվում՝ սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական աշխատակիցների, կրթական հարաբերությունների այլ մասնակիցների դիմումները, բողոքները, ամբիոնների ղեկավարների, ֆակուլտետների դեկանների, այլ պատասխանատու անձանց, ուսումնական հաստատության անվտանգության աշխատակիցների զեկուցագրերը։

Ուսումնական հաստատության ղեկավարը, ելնելով իր կարգավիճակից, որպես պատասխանատու անձ, իրավասու պետք է լինի ընդունելու կարգապահական հետաքննությունների անցկացման, հասցված նյութական վնասի հաստատման վերաբերյալ ինքնուրույն որոշումներ և կատարել անհրաժեշտ գործողություններ՝ հաստատության կառավարման գործընթացում։

Ինչպես վերում նշեցինք, կարգապահական հետաքննությունների անցկացման մասին որոշում կայացնելը կամ նյութական վնասի պատճառման հանգամանքների հաստատումը կարող է պատկանել միայն և միայն կրթական հաստատության ղեկավարին, քանի որ դա նրա իրավասությունն է։ Ղեկավարի տեղակալները և կրթական հաստատության այլ պատասխանատու անձինք այդ իրավունքը չպետք է կիսեն ո՛չ օրենքի ուժով, ո՛չ ղեկավարի հրահանգով։ Այս մոտեցումը մեր կարծիքով անխոցելի է նրանով, որ սրանցով ուսումնական հաստատության ղեկավարն անմիջական պատասխանատվություն կկրի իր կայացրած որոշման համար։ Բացի այդ, պատասխանատու անձինք կարող են լինել իրավական կոնֆլիկտի անխուսափելի մասնակիցներ, և օժտվելով կարգապահական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու կամ եզրակացություն տալու իրավունքով, կարող են այն չարաշահել՝ իրենց մեղքն այլ անձանց վրա բարդելու փորձեր ձեռնարկելով։

Ուսումնական հաստատության ղեկավարը կարգապահական տույժերի, պատճառած նյութական վնասի հանգամանքների հետաքննության անցկացման վերաբերյալ որոշումը կարող է ընդունել՝ ելնելով միայն հակաօրինական արարքի փաստերի ձեռքբերման հավաստիությունից, որոնք համընկնում են կարգապահական տույժեր կիրառելու համար սահմանված նորմերի հետ։

Ուսումնական հաստատության ղեկավարը չի դասվում այն պատասխանատու անձանց թվին, ովքեր իրավունք ունեն ինքնուրույն, թեկուզ քրեական դատավարության նորմերով ղեկավարվելով, հանցագործություն բացահայտմամբ զբաղվել։ Նույն կերպ նա իրավունք չունի նույն արարքների մասին արձանագրություն կազմել։ Այդ պատճառով, բոլոր կատարված հանցագործությունների և արարքների հետ կապված փաստացի նյութերը ուսումնական հաստատության ղեկավարը պետք է անհապաղ փոխանցի ոստիկանություն, դատախազություն կամ այլ իրավասու մարմին, կամ էլ հրավիրի այդ մարմինների աշխատողներին՝ անհրաժեշտ քննչական կամ այլ գործողություններ կատարելու համար։ Հանցագործության տարրեր պարունակող փաստերի առթիվ ուսումնական հաստատության ղեկավարը չպետք է ստուգումներ անցկացնի։

Առհասարակ, օրենսդրությունը ոչ միայն չի կանոնակարգում, թե ով պետք է անցկացնի կարգապահական հետաքննություն, այլև կրթական հաստատությանը ինչ կարգով պետք է հաստատի պատճառած նյութական վնասի հանգամանքները։

Գործնականում, այս հարցերի լուծումը շատ հաճախ հանձնարարվում է ստեղծված մի հանձնաժողովի,