Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԲԱԺԻՆ 6. ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՊԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅԼ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԵՏ. ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՈՒ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ


ԳԼՈՒԽ 6.1. Համալիր կամ սահմանային ինստիտուտի հասկացությունը

«Սահմանային» նման ինստիտուտների համար բնորոշ է հարաշարժ առարկայակարգավորիչ կապը տվյալ ինստիտուտները կազմող իրավունքի ճյուղերի նորմերի միջև: Առավել հաճախ այդպիսի կապն արտահայտվում է նրանում, որ իրավունքի մի ճյուղի առարկայի վրա դրվում են իրավունքի մեկ այլ ճյուղի իրավական կարգավորման մեթոդի որոշակի տարրեր, ինչպես օրինակ, աշխատանքային պարտականություններ կատարելու ընթացքում մանկավարժի կամ սովորողի կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման դեպքում:

«Սահմանային» միջճյուղային ինստիտուտները ծագում են նաև որպես իրավունքի հարակից միասեռ ճյուղերի կարգավորման առարկայի հատվածում մերձեցման և փոխգործակցության հետևանք: Արդյունքում այդ ճյուղերի սահմաններին գոյանում են գոտիներ, որոնք կանոնակարգում են, ըստ էության, միասնական հասարակական հարաբերությունները, որը, սակայն, իր որոշ մասերում ունի ուրույն երանգներ, ձևափոխություններ և առանձնահատկություններ, պայմանավորված այս կամ այն ճյուղի առանձնահատկությամբ: Հենց այդպիսի փոխգործակցության արդյունքում են գոյացել սոցիալական իրավունքին հարակից ընտանեկան կամ կրթական իրավունքի այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ամուսինների կողմից իրենց երեխաների կրթության և դաստիարակության, խնամքի համատեղ և հավասար պարտականություններ կրելու պարտականությունը:

«Սահմանային» իրավական ինստիտուտը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով: Հնարավոր է տարբերակ, որ այն սկսի զարգանալ գերազանցապես որպես «մայրական» ճյուղի ինստիտուտ: Այս դեպքում իրավունքի հարակից միասեռ ճյուղից ներմուծված տարրերի տեսակարար կշիռը աստիճանաբար կնվազի, և ինստիտուտը կկորցնի իր համալիր բնույթը։ Սակայն հնարավոր է նաև միանգամայն այլ տարբերակ, երբ «սահմանային» հարաբերության զարգացման ընթացքում փոխառվող տարրերի քանակը սկսի անընդհատ աճել, իսկ բուն ինստիտուտը «կմասնագիտանա» որպես իրավունքի հարակից ճյուղի ինստիտուտ: Նման զարգացումն, ի վերջո, կհանգեցնի նրան, որ այստեղ ևս ինստիտուտը կկորցնի իր համալիր բնույթը և իրավունքի «մայրական» ճյուղից կանցնի հարակից ճյուղի ոլորտ:

«Սահմանային» ինստիտուտների մասնագիտացման ընթացքում շատ հաճախ վրա է հասնում մի պահ, երբ «մայրական» և փոխառված տարրերը կարծես թե հավասարակշռվում են, և տվյալ ինստիտուտի դասումը այս կամ այն ճյուղին սկսում է կրել պայմանական բնույթ: Եթե հավասարակշռության նման վիճակը տևում է բավականաչափ երկար ժամանակ, ապա հնարավոր է տվյալ համալիր ինստիտուտի շրջանակներում փոխներգործող իրավունքի հարակից միասեռ ճյուղերի ուրույն գծերի որոշակի փոփոխություն: Սկզբնական շրջանում դա կարող է դրսևորվել որպես առարկայի, մեթոդի, ինչպես նաև իրավական կարգավորման աննշան, սակայն իրավունքի տվյալ ճյուղերին ոչ բնորոշ փոփոխություն: Այդուհանդերձ, նման փոփոխությունները բավականաչափ գոյատևելու արդյունքում կարող են կայունություն ձեռք բերել և օժտել «սահմանային ինստիտուտը» նոր հատկություններով և որակներով: Զարգացման հենց այդպիսի տարբերակն էլ, որպես կանոն, դառնում է իրավունքի նոր և ինքնուրույն ճյուղի գոյացման պատճառ, ինչպիսին վկայակոչված սոցիալական ապահովության իրավունքն է կամ օրինակ առղջապահական իրավունքը:

Սակայն այստեղ ևս իրավունքի նոր ճյուղ դառնալու համար «սահմանային» ինստիտուտը պետք է աճի, խորանա և ընդլայնվի՝ գոյացնելով միասեռ հատկություններ ունեցող «սահմանային» ինստիտուտների մի ամբողջ համալիր, այլ խոսքերով՝ «սահմանային» ինստիտուտի: