տարբեր իրավական ակտերում առանձին հոդվածների կրկնություններից և հակասություններից: Միաժամանակ, դրանք սահմանելով օրենսդրությամբ, հստակ երաշխիք կհանդիսանա քաղաքացիական իրավունքի նորմերը կրթական ոլորտում արդյունավետ կիրառելու համար:
Այսպիսով, սովորողի ուսումնական վճարի պայմանագրի բովանդակությանը համապատասխան, իրավական ձևակերպում տալու համար, մեր կարծիքով, «Կրթության մասին» ՀՀ օրենքում /կամ «Կրթության մասին օրենսգրքում» պետք է կատարել հետևյալ լրացումները.
1. տալ «Վճարովի կրթության ուսումնական վճարի կրթական պայմանագիր» հասկացության բնութագիրը, այն բոլոր հատկանիշները, որով հստակ կտարանջատվի այս պայմանագիրը մյուս վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրից: /Կարևոր հատկանիշներից հատկապես պետք է նշել տվյալ պայմանագրի առարկային բնորոշ առանձնահատուկ բնութագրիչները՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսուցումը, կրթության նպատակադրվածությունը և համակարգվածությունը, ստանալիք կրթության և /կամ/ մասնագիտության ատեստավորման վերջնական արդյունքը փաստող համապատասխան դիպլոմ/:
2. Կրթավճարի վճարման ժամկետի և չափի պայմանների վերաբերյալ նախապես գրավոր ծանուցել դիմորդին:
3. Պայմանագրում շարադրել կրթավճարով սովորող ուսանողի իրավունքները և պարտականությունները, որոնք կբնութագրեն նրա իրավական կարգավիճակն այս դեպքում: Այսինքն ներկայումս գործնականում կիրառվող ակադեմիական պարտքեր ունենալու պարագան կարծես թե չի բխում վճարովի կրթության ոգուց: Դրա համար տարբեր ատեստավորումների՝ միջանկյալ, կիսամյակային, տարեվերջյան քննություններից և ստուգարքներից, կուրսային և ստուգողական աշխատանքներից կտրվելու դեպքում, վերահանձնումների համար սովորողը պարտավոր է լրացուցիչ վճարել և ամրագրել այն օրենքով:
4. Անհրաժեշտ է նաև կոնկրետացնել ուսումնական հաստատության իրավունքները և պարտականությունները՝ իր ուսումնառության համար վճարող ուսանողի համար: Անհրաժեշտ է օրենքով ամրագրել որակյալ կրթություն տալու և կրթական գրործընթացի կազմակերպման հարցերը, այդ թվում՝ կրթական պլանի թերակատարման, դասախոսների ժամանակին չներկայանալու, կամ բացակայության չափաքանակների, դասախոսին մեկ այլ ավելի ցածր որակավորում ունեցող դասախոսով փոխարինելու իրավական հետևանքները: Առավել ևս պետք է օրենքով սահմանվի, թե կոնկրետ որ դեպքերում ուսումնական հաստատությունը կարող է իր նախաձեռնությամբ հաստատությունից հեռացնել վճարովի համակարգում սովորողին: Դրա համար անհրաժշետ է առաջինը սահմանել բոլոր այն դեպքերի ամփոփ ցանկը, երբ ուսումնական հաստատությունը կարող է ուսանողին հեռացնել: Առավել զգուշորեն պետք է մոտենալ այն դեպքերին, երբ ուսումնական հաստատությունը վճարովի սովորող, ներքին կանոնակարգը չպահպանած անձին հեռացնում է բուհից «Բուհի անունն արատավորելու» պատրվակով, մանավանդ այն դեպքերում, երբ այդ արարքը կրթական գործունեության հետ կապ չունի:
գ/ Պետք է օրենքով ամրագրել ուսանողին հեռացնելու դեպքում իր ուսման համար կրթավճարը չվերադարձնելու հանգամանքը, կամ եթե սովորողն ինքնակամ է թողնում ուսումնական հաստատությունը:
Գլուխ-6.3. Կրթական և վարչական իրավունքի ճյուղերի համալիր ինստիտուտները
Կրթության ոլորտում քաղաքացիական իրավունքի նորմերի հետ միասին լայնորեն կիրառվում են նաև վարչական իրավունքի նորմերը:
Իրավունքի այս ճյուղը ներկայումս չունի միասնական համակարգված /կոդիֆիկացիայի ենթարկված/ իրավական միասնական ակտ, որը կամրակայեր այդ իրավունքի առարկայի հիմնական սկզբունքներն ու նորմերը: Այդ պատճառով էլ ժամանակակից իրավաբանական գրականության մեջ վարչական իրավունքի առարկայի պարունակության հարցերը դեռևս մնում են վիճահարույց: