Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարգելված ֆինանսավորման հնարավոր աղբյուրներից օգտվելը և այլն: Միանձնյա ղեկավարման ինքնագործունեության մեթոդները համապատասխանում են ժողովրդավարական, պետական-հասարակական կառավարման սկզբունքներին, ղեկավարի գործառույթներին՝ ինքնակառավարման մարմինների հետ, որոնք չեն սահմանափակվում խորհրդատվական մարմինների իրավունքներով, բայց իրավազոր են կոլեկտիվի համար ինքնուրույն, իրավաբանորեն նշանակալի որոշումներ կայացնել:

Անգամ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ը սահմանում է՝ ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ:

ՈՒսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

ՈՒսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ՝ հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Այս ամենը վկայում է, որ ուսումնական հաստատությունները կառավարող ինստիտուտները ձևավորվում և կազմակերպվում են կրթական իրավունքի հիմքում, կախված չեն վարչական իրավունքի նորմերից և սկզբունքներից, և նույնիսկ հակասում են դրանց:

Վարչական իրավունքում օգտագործվող «հրաման» բառը պաշտոնական իրավասություններ ունեցող, ղեկավարի կողմից իր իրավասությունների շրջանակներում, իր ենթակաների հանդեպ պարտադիր կատարման իշխանական կամային, պաշտոնական տնօրինման կարգադրման կառավարման ակտ է՝ բանավոր կամ գրավոր ենթաօրենսդրական կառավարչական որոշում: Նորմատիվ հրամանը գործողության մեջ է դնում հրահանգներ, գործառնական այլ պարտավորություններ: Անհատական նորմատիվ հրամանը ենթադրում է որոշակիացված անհատական գործողություն, որը պետք է կատարվի ճիշտ և որոշակի ժամկետում՝ զեկուցագրի տեսքով նեկայացնելով այն՝ պետին /ղեկավարին/, ով արձակել է հրամանը:

Իրավական հարաբերություններում հրամանն ամրագրում է հիմնական կառավարման ձևը: Իշխանական լիազորություններ ունեցող պետը կառավարման խնդիրները լուծելու նպատակով իր ենթակաների ղեկավարումն իրականացնում է կառավարման ակտի միջոցով, որոնցից ամենաբարձր իրավական ուժն ունի հրամանը: Տարբեր իրավիճակներից կախված հրամանի չկատարումը կարող է հանգեցնել քրեական, վարչական, կարգապահական նորմերի կիրառման: Որոշ կազմակերպություններում դրա չկատարումը համարվում է ծառայողական կամ աշխատանքային իրավունքի նորմերի խախտում, որը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև աշխատանքից ազատելուն:

Հրամանը վարչական իրավունքի հիմնական մեթոդն է, որը կրթական ոլորտում հիմնականում փոխարինվում է ակադեմիական ինքնավարության մեթոդով: Այս հանգամանքը հաշվի առնելով, պետք է եզրակացնել, որ կրթական իրավունքի ինստիտուտը, սեփական աշխատանքների կառավարման գործընթացում կարգավորելով կրթական հաստատությունների հարաբերությունները, զրկված է համակարգային բնութագրից և մտնում է միայն մեկ ճյուղի՝ կրթական իրավունքի առարկայի մեջ: