Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպիսով, կրթական իրավունքի առարկայի մոնիստական բովանդակությունը կազմավորում է ոչ միայն կրթական հարաբերությունները, այլև կրթական հաստատությունների մակարդակում գոյություն ունեցող կառավարչական հարաբերությունները:


Գլուխ-6.4. Կրթական և աշխատանքային իրավունքի ճյուղերի համալիր ինստիտուտներ

Աշխատանքային իրավունքը հայաստանյան իրավական համակարգի կարևոր ճյուղերից մեկն է: Աշխատանքային իրավունքն իրենից ներկայացնում է աշխատանքի ոլորտում գործող իրավանորմերի իրավական ինստիտուտների և դրանց վերաբերյալ գոյություն ունեցող ավանդական հայացքների, պատկերացումների և գնահատականների ամբողջություն: Այն կարգավորում է քաղաքացիների աշխատանքի ազատ ընտրության իրականացման կապակցությամբ պետական և ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, պայմանագրի հիման վրա գործատուի և աշխատողի միջև ծագող, փոփոխվող և դադարեցվող հասարակական հարաբերությունները:

Մի խոսքով, ինչպես պարզ և հստակ բնորոշում է տվել Վ. Ն. Խրոպանյուկը /114, էջ՝ 382/, աշխատանքային իրավունքի առարկան այն հասարակական հարաբերություններն են, որոնք ծագում են մարդկանց աշխատանքային գործունեության ընթացքում:

Մենք նախկին գլուխներում քննարկել ենք, որ իրավունքի ճյուղի առարկան համասեռ հասարակական հարաբերություններն են:

Աշխատանքային իրավունքի ճյուղի մեջ են մտնում նաև սոցիալական գործընկերության, կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային ստաժի, ժամկետների, աշխատանքային ժամերի և հանգստի, աշխատանքային կարգապահության, աշխատավարձի, աշխատանքային վեճերի կարգավորման, հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերը և այլն:

Աշխատանքային իրավունքի հիմնական սկզբնաղբյուրը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 2005 թ. մայիսի 21-ից:

Կրթության մասին ՀՀ օրենքների տարբեր հողվածներում աշխատանքի իրավունքի հարցերով ամրագրված են հետևյալ ինստիտուտները /սահմանակարգերը/.

1) աշխատանքի իրավունքի ոլորտում կրթական հաստատությունների իրավասությունը,

2) մանկավարժական գործունեություն իրականացնող անձանց նկատմանբ հատուկ պահանջները,

3) աշխատանքային պայմանագրի առանձնահատկությունները կրթական ոլորտում,

4) հատուկ կրթական հաստատությունների մանկավարժների աշխատավարձերի առանձնահատկությունները,

5) շարունակական աշխատանքի և հանգստի ժամանակի հաստատման հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները,

6) մանկավարժների ակադեմիական ազատությունը, ինչպես նաև լրացուցիչ երաշխավորությունները և մանկավարժների սոցիալական արտոնությունները,

7) կրթական ոլորտի աշխատակիցների կարգապահական տույժի կիրառման տեսակները:

Թեև «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնական հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, սակայն կրթական համակարգում աշխատանքային իրավունքի որոշ նորմերի ներառման առանձնահատկություններն ամրագրված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում:

Դրանցով կարգավորվում են՝ բուհի ռեկտորի ընտրության, փոփոխության, մանկավարժների և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունման համար մրցույթների անցկացման,