Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հենց այդ համակարգը, միաժամանակ և՛ որպես իրավական կարգավորման առարկա, և՛ որպես արդյունք: Այդպիսի տարրերից են՝

  • Ինստիտուցիոնալ (սուբյեկտային) տարրը՝ որն իր մեջ ներառում է ամենալայն իմաստով վերցրած կրթական գործունեության բոլոր հիմնական սուբյեկտներին՝ սովորողներ (սաներ), մանկավարժական աշխատողներ, ուսումնական հաստատություններ, կրթության կառավարման մարմիններ, կրթության ոլորտին առնչվող հարցերի գծով նորմաստեղծ և իրավակիրառ սուբյեկտներ և այլն:
  • Նորմատիվ տարրը, որի կազմի մեջ մտնում են, առաջին հերթին, միջազգային և ազգային նորմատիվ-իրավական ակտերը, կրթության հարցերին առնչվող տեղական ինքնակառավարման մարմինների նորմաստեղծ ակտերը, կրթական հաստատությունների լոկալ նորմատիվ ակտերը, ինչպես նաև կրթության ոլորտում ձևավորված և կիրառվող (սովորույթներ, ծեսեր, ավանդույթներ և այլն) ոչ իրավական բնույթի սոցիալ-նորմատիվ կարգավորիչները:
  • Քաղաքական-գաղափարախոսական տարրը, որն իրենից ներկայացնում է պատմական զարգացման տվյալ փուլում գտնվող պետության և հասարակության կրթական քաղաքականության և գաղափարախոսության կրթական ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև այդ քաղաքականության և գաղափարախոսության արտացոլումը կրթական հարաբերությունների մասնակիցների գիտակցության մեջ:
  • Տեղեկատվական-հաղորդակցական տարրը, որն առաջին հերթին բնորոշում է տեղեկատվության որպես գետելիքային հիմնական աղբյուրի ներքին (կրթության համակարգի սուբյեկտների միջև) և արտաքին (կրթության համակարգի և սոցիալական այլ ենթահամակարգերի հետ տնտեսական, քաղաքական և այլն) փոխանակման բովանդակության և գործընթացների առանձնահատկությունները, և երկրորդ՝ արտացոլում է կրթական համակարգի սուբյեկտների միջև հաղորդակցության կապերի յուրահատկությունը:
  • Տնտեսական տարրը, որն իրենից ներկայացնում է կրթության համակարգի, ինչպես և ցանկացած այլ սոցիալական ենթահամակարգի գործառնության տնտեսական (աշխատանքային, գույքային, ֆինանսական, հարկային և այլն) հիմքը:

Մի փոքր հեշտացնելով խնդիրը՝ թվարկված տարրերը կարելի է երկու խմբի բաժանել: Առաջին խումբը կազմում են կրթության համակարգի կազմի՝ վերը նշված անշարժ տարրերը: Այդ տարրերը, նախ և առաջ, բնորոշում են կրթության համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքները (կրթության կառավարման մարմինները, ուսումնական հաստատությունները, երկու գլխավոր տարրերի սովորողների և սովորեցնողների գոյությունը, իրավական կարգավորումն ապահովող կրթական նորմատիվ-իրավական զանգվածը և այլն):

Միևնույն ժամանակ, ցանկացած սոցիալական համակարգ ինքնիրացվում, գործառնում և զարգանում է իր կրթական բնույթին համապատասխան և համապատասխան սոցիալական յպատակներով: Դրա համար էլ կրթական համակարգը մշտապես գտնվում է նաև հարաշարժ վիճակում, որը դրսևորվում է իր սուբյեկտների կողմից ամենատարբեր տեսակի գործունեության և վարքի իրականացման մեջ: Նման հարաշարժ տարրերի այս երկրորդ խմբին պետք է վերագրել՝

  • Մանկավարժական տարրը, որը դրսևորվում է բուն մանկավարժական գործունեության իրականացմամբ՝ իր մեջ ներառելով ուսուցման /գիտելիքի փոխանցման/, դաստիարակման և զարգացման գործունեություն:
  • Կազմակերպական և կառավարման տարրերը, առանց որոնց անշարժ տարրերից և ոչ մեկը չի կարող իրականացվել:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս կրթության համակարգի հասկացությունը սահմանել որպես բարդ, բաց, չհավասարակշռված, ոչ գծային սոցիալական համակարգ, որի կազմի անշարժ և հարաշարժ տարրերն ապահովում են կրթության՝ որպես սոցիալական ինստիտուտի գործընթացը և արդյունքը:

Բացի վերը նշվածներից, «Կրթական իրավունք» գիտությունը, ցանկացած այլ գիտության նման, գիտելիքների, գաղափարների համակարգ լինելով, ներառում է տեսական դրույթների հարաբերականորեն