Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8.4.2.Դաստիարակության ձևերը

Նախադպրոցական կրթությունից մինչև հանրակրթություն և բուհական կրթություն նպատակ է հետապնդվում օժանդակել սովորողի մտավոր, բարոյական, զգայական և ֆիզիկական զարգացմանը, բացահայտել նրա ստեղծագործական ունակությունները, անհատի մարդասիրական բնույթը՝ հաշվի առնելով նրա տարիքային առանձնահատկությունները:

Աճող սերնդի անհատականության զարգացումը ենթադրում է քաղաքացիական դիրքորոշման գիտակցում, աշխատանքի լծվելու պատրաստականություն, դժվարությունները հաղթահարելու ունակություն, ժողովրդավարական ինքնակառավարմանը մասնակցելու, իր ընտանիքի, պետության, հասարակության և քաղաքակրթության հանդեպ պատասխանատվության գիտակցում:

Թվարկենք դաստիարակության՝

  • մտավոր,
  • ֆիզիկական,
  • աշխատանքային,
  • բարոյական,
  • գեղագիտական /էսթետիկական/,
  • էկոլոգիական,
  • սեռական,
  • իրավական բաղադրամասերը և քննարկենք դրանք առանձին-առանձին:

Մտավոր դաստիարակությունը զինում է սովորողներին համակարգված գիտելիքներով, որը ձևավորում է գիտական աշխարհայացք:

Աշխարհայացքը՝ մարդու, բնության, հասարակության, աշխատանքի, իմացության հանդեպ հայացքների ամբողջություն է: Այն ենթադրում է խորը հասկանալ և գիտակցաբար բացատրել այդ երևույթները և որոշել իր վերաբերմունքը դրանց հանդեպ, ձեռք բերել ինքնուրույն կյանքը դասավորելու հմտություններ, կարողանալ աշխատել՝ իր գաղափարները զուգահեռելով իր գործերի հետ: Գիտակցաբար մոտենալով գիտելիքների համակարգի յուրացմանը, այն ինքնըստինքյան ազդում է տրամաբանական դատողությունների, հիշողության, ուշադրության, մտավոր ունակությունների, նախասիրությունների և շնորհների զարգացմանը:

Մտավոր դաստիարակության խնդիրներն են՝

  • գիտելիքների որոշակի ծավալի յուրացումը,
  • մտավոր ուժերի, կարողությունների, շնորհների զարգացումը,
  • ճանաչողական հետաքրքրությունների զարգացումը և ձևավորումը,
  • սեփական գիտեփքների, կրթական և մասնագիտական կրթության մակարդակը մշտապես լրացնելը և բարձրացնելը,
  • գիտական աշխարհայացքի ձևավորումը:

Մտավոր դաստիարակության անանց արժեքի կարևորությունը որպես դպրոցի կարևորագույն խնդիր՝ կասկածի տեղիք չի տալիս:

Այսօր դպրոցականների, ուսուցիչների, ծնողների լայն հասարակության բողոքներն ունեն նմանօրինակ դաստիարակության պակասը լրացնելու ուղղվածություն:

Մեծ հաշվով, նրա բովանդակությունն ուղղվում է անհատի զարգացմանը, ոչ թե գիտելիքին, նորարարություններին և կարողություններին: Կրթության ոլորտից երբեմն դուրս են մղվում այնպիսի կարևորագույն բաղադրամասեր, ինչպիսիք են տարատեսակ գործունեության, քաղաքակիրթ շփման ձևերի և տեսակների փորձի փոխանցումը, աշխարհի հանդեպ զգայական-արժեքային վերաբերմունքը և այլն: Այս բոլորի հետևանքով կորչում է ոչ միայն կրթության ներդաշնակությունը, այլև դպրոցի կրթական բնույթը:

Ֆիզիկական դաստիարակությունը գրեթե բոլոր դաստիարակման համակարգերի անբաժանելի մասն է: Ներկա պայմանները թելադրում են, որպեսզի ունենանք ֆիզիկապես կոփված նոր