Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ անձի հասկացությունը, այսպես թե այնպես, կապված է «մարդկայինի» և «քաղաքացիականի» համակցման առանձնահատկությունների հետ՝ կոնկրետ մարդու սոցիալականացմանը զուգընթաց։

Չորրորդ, իրավունքները և ազատությունները գործող օրենսդրությամբ երաշխավորված հնարավորի, թույլատրելիի, և դրանով իսկ, որոշակի նորմատիվ-իրավական շրջանակում սահմանափակված՝ հասարակական հարաբերությունների տարբեր մասնակիցների սոցիալապես նշանակալի վարքի չափանիշ են։ Այս իմաստով, «իրավունքներ և ազատություններ» հասկացությունը գտնվում է միևնույն իմաստային հարթության մեջ, և նույնիսկ հայտնի իմաստով իր բովանդակությամբ համընկնում է ցանկացած իրավահարաբերության բովանդակությանը վերաբերող «իրավաբանական սուբյեկտիվ իրավունքներ» հասկացության հետ։

Հինգերորդ, չնայած իրենց իմաստային նմանությանը, «իրավունքներ» և «ազատություններ» հասկացությունները՝ որպես մարդու իրավունքների տեսության կենտրոնական կատեգորիաներ (Լ.Ի. Գլուխարևա, Վ. Մ. Կապիցին, Ե.Ա. Լուկաշևա, Ռ.Ա. Մյուլլերսոն և այլն), այնուամենայնիվ, իմաստով հավասարազոր չեն։

Իրավունքները սոցիալական հավակնումներ են, որոնք ենթադրում են պետության ակտիվ դերակատարում դրանց ապահովման, պաշտպանության և պահպանության գործում (կյանքի իրավունք, անձի անձեռնմխելիության իրավունք, բնակարանի իրավունք և այլն)։

Էպիկուրի բնորոշմամբ՝ «Ազատությունը մոլեկուլների կանոնավոր շարժման խաթարման արդյունքն է և քաոսային վիճակ»։

Ազատությունները՝ սոցիալական հավակնություններ են, որոնք, ընդհակառակը, ենթադրում են պետության պասիվ դերակատարում՝ համապատասխան սուբյեկտների կողմից իրենց պահանջմունքների ու շահերի իրականացման գործում (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն, քաղաքական միավորումների ազատություն և այլն)։

Այլ կերպ, պետությունը՝ որպես հասարակության առաջատար սոցիալական ինստիտուտ չի կարող և չպետք է կամայականորեն, այսինքն՝ իր սեփական անձնական հայեցողությամբ, անօրինական ձևով միջամտի այդպիսի անհատական և սոցիալապես կարևոր գործողությունների իրականացմանը։ Այլ բան է, երբ այդպիսի ազատություններն օգտագործվում են ի վնաս այլ մարդկանց, հասարակությանը, պետությանը, այսինքն՝ երբ այդ ազատությունները չարաշահվում են։ Այս դեպքում, պետությունը պարզապես ոչ թե կարող, այլ արդեն պարտավոր է ակտիվորեն գործել՝ հասարակության այլ անդամների իրավունքների և ազատությունների, հենց իր՝ հասարակության և իր սեփական պետական շահերից ելնելով։ Բայց հենց այստեղ է, որ առաջանում է բացառիկորեն կարևոր, բարդ և գործնականորեն միշտ հրատապ՝ իրավունքների ու ազատությունների իրականացման գործում պետության միջամտության չափանիշների և միջոցների պարագծման մասին հարցը։

Անցկացված կարճ էքսկուրսը մարդու իրավունքների տեսության մեջ հնարավորություն է տալիս ավելի առարկայական ձևով բացահայտել «կրթության իրավունք» հասկացության էությունը և բնութագիրը։ Հաշվի առնելով ասվածը՝ «կրթության իրավունք» հասկացության բնութագիրը կարող է ներկայացվել հետևյալ դրույթներով։

1. Յուրաքանչյուր մարդ, անկախ իր ծննդյան և բնակության վայրից, ազգությունից, սեռից և իր սոցիալական կարգավիճակը բնորոշող այլ առանձնահատկություններից, իր ծննդյան պահից սկսած կարող է հավակնել (անձամբ ինքը կամ էլ իր ծնողների, իր այլ օրինական ներկայացուցիչների՝ խնամակալների, հոգաբարձուների միջոցով) այն բանին, որ հասարակությունը, ի դեմս իր ինստիտուտների և առաջին հերթին՝ պետական ինստիտուտների, իրեն օժանդակի կառուցողական սոցիալականացման, այսինքն՝ իր այնպիսի հասարակական (մշակութային, տնտեսական, բարոյական, իրավաբանական և այլ բնույթի) կապերի մեջ ներգրավման գործում, որոնք մարդուն կապահովեն սոցիալական աստիճանակարգության /հիերարխիայի/ համակարգում որոշակի տեղի զքաղեցում և իր այս կամ այն անձնական ու սոցիալական պահանջմունքների և շահերի իրականացում։

2. Տվյալ հավակնումներն արտահայտվում են, ինչպես կարելի է հետևություն անել «յուրաքանչյուր