Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10.3.2.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող անձի համար համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպումն է։

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ը սահմանում է, որ առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից՝ տվյալ անձի տանն իրականացվող հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ուսուցման կազմակերպում՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով սահմանած կարգի։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի 1506-Ն որոշման Հավելվածով։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումն իրականացնում է վերը նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող պետական, հավատարմագրված համապատասխան ուսումնական հաստատության՝ անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող վարպետը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի և (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև պայմանագրի հիման վրա։ Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

Տանն ուսուցումն իրականացնում են այն ուսումնական հաստատության մանկավարժները, որտեղ անընդհատ սովորում է երեխան։


10.3.2.4. Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոններին բժշկասոցիալական փորձաքննության հաստատությունների հիմնական գործառույթները


Երեխաների ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտման և գնահատման, նրանց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրության նպատակով ձևավորվում են բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոններ։

Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի հիմնական գործառույթներն են՝

ա) սահմանում են երեխաների զարգացման առանձնահատկությունների առավել վաղ շրջանում բացահայտման, գնահատման և կրթության համար համարժեք պայմանների ապահովման հիմքերը,

բ) կազմում են համապատասխան եզրակացություն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար համարժեք պայմանների վերաբերյալ,

գ) մատուցում են խորհրդատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին),