Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և բժշկական կամ բժշկասոցիալական փորձաքննության համապատասխան եզրակացության առկայության դեպքում ունեն սովորական կրթական հաստատություններում կրթվելու իրավունք:

Համապատասխան առաջարկության առկայության դեպքում այդպիսի անձինք դասերի ընթացքում ունեն օգնականի ծառայություններից օգտվելու իրավունք։

Օգնականը աջակցում է սովորողներին կրթական գործընթացում և պատրաստում է նրանց այդ կրթությանը։ Նրա ծառայությունները կրթական հաստատության կողմից չեն վճարվում։

Ներառական ուսուցումը կազմակերպվում է հոգեբանամանկավարժական և բժշկական ցուցումներին (հակացուցումներին) համապատասխան։

Ներառական կամ ինտեգրված ուսուցմամբ կրթական հաստատությունը պարտավոր է ընդունել ֆիզիկական և (կամ) հոգեբանական արատներով անձանց՝ ուսուցման և (կամ) մասնագիտական կրթության և կոնկրետ մասնագիտությամբ աշխատելու սահմանափակման վերաբերյալ հակացուցման բացակայության դեպքում։ Միևնույն ժամանակ նման անձանց թիվը չպետք է գերազանցի սովորողների ընդհանուր թվի 20%-ը։

Կրթական հաստատությունը առողջության սահմանափակ հնարավորություններով անձի ընդունման պահից պարտավոր է նրա համար ստեղծել հատուկ պայմաններ՝ ֆինանսավորվելով պետական չափորոշիչներով սահմանված ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Հոգեբանական կամ ֆիզիկական արատներ ունեցող անձանց և արատներ չունեցող անձանց համատեղ ուսուցումը և դաստիարակությունը կարող է իրականացվել, եթե այն բացասական չի անդրադառնում նրանցից յուրաքանչյուրի կրթության վրա։ Հակառակ դեպքում, մարզային պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները պետք է մեկ ամսվա ընթացքում լուծեն նշված արատներով տառապող անձանց կրթության շարունակման հարցը։


10.3.2.2. Ուսուցումը ստացիոնար բուժական և բուժկանխարգելիչ հաստատության պայմաններում

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ը սահմանում է, որ անձի կրթության իրավունքն ապահովելու նպատակով կրթության և առողջապահության մարմինները պարտավոր են հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպել ստացիոնար բուժական հաստատություններում երկարատև (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը։

Ստացիոնար բուժական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունն իրականացվում է տվյալ բուժական հաստատության և օրենքով սահմանված կարգով իրավասու համարվող ուսումնական հաստատության միջև պայմանագրի հիման վրա։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կառավարության պետական կառավարման լիազոր մարմին։

Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը կազմակերպելու պայմանագրի տիպային ձևը հաստատում են կրթության և առողջապահության պետական կառավարման լիազոր մարմինները։

Եթե կրթության ոլորտին հատկացվող ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, ապա այդպիսի երեխաներին բժշկական ցուցումով անհրաժեշտ է ուղեգրել նախ բուժկանխարգելիչ հաստատություններ, իսկ կրթությունը կազմակերպել բուժկանխարգելիչ և հանրակրթական հաստատությունների միջև կնքվող պայմանագրով։ Դրանք երեխաների համար նախատեսված առողջարաններն են, հանգստյան տները և ձմեռային ճամբարները։