Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնագետներ պատրաստող համակարգի ձևավորումը:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ը սահմանում է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները: Դրանք են.

1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը,

2) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելը,

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը,

4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում,

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (Եվրոպական) չափանիշների ներդրումը,

6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևից:

Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով.

1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի,

2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում,

3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում,

4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին,

5) պետության պահանջներին համապատասխան՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում,

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչով), կրթական դրամաշնորհներ, վարկեր),

7) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների (ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ կրեդիտային համակարգի ներդրում,

8) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում զարգացում ապահովելու նպատակով,

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության և կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:

Պետությունը ՀՀ քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու իրավունք:

Բացի այդ, բարձրագույն և հետբուհական կրթության (այսուհետ՝ ԲՀԿ) զարգացման բուն խնդիրներն են.

ա/ համակարգի ուղղորդումը դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջների ապահովումը, համակարգի առաջանցիկ զարգացումն ու միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը,

բ/ Բոլոնիայի գործընթացի շրջանակում ԲՀԿ ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանին,

գ/ որակյալ և մրցունակ կրթության ապահովումը,

դ/ ԲՀԿ մատչելիության բարձրացումը և հասանելիության ապահովումը հասարակության տարբեր սոցիալական խմբերի համար,