համապատասխան, անկախ ընտանիքի նյութական և առողջական վիճակից, սոցիալական պատկանելությունից:
Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները կրթության ոլորտում երեխաների և պատանիների, խնամազուրկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանության համար։ Գերխնդիր է նաև շնորհալի երեխաների և պատանիների խմբերից առանձին դասընթացների միջոցով նոր ընտրախավի և առաջնորդների ձևավորումը։
Պետությունն առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնի կրթական համակարգն անհրաժեշտ ռեսուրսներով և ժամանակակից սարքավորումներով ապահովելու, եղածն արդյունավետ օգտագործելու (մարդկային, տեղեկատվական, նյութական, ֆինանսական միջոցներ), դպրոցների հիմնանորոգման և վերանորոգման վրա։
Անցյալ դարի 80-ականների վերջից և 90-ականների սկզբներին սկսված քաղաքական, սոցիալ-տնտեսական վերափոխումները հսկայական ազդեցություն ունեցան կրթության ոլորտի վրա։ Բուհերին ընձեռվեց ակադեմիական ինքնավարություն։ Ծնվեցին նոր կրթական հաստատություններ և ներդրվեց կրթական ծրագրերի բազմազանություն, պետական դպրոցներն ու կրթական այլ հաստատությունները կորցրին իրենց մենաշնորհային դիրքերը ոչ պետական հաստատություններին զարգացման նոր մակարդակ ապահովելու համար։ Այս գործընթացները հետագայում իրենց իրավական արտացոլումն ու ամրապնդումը ստացան ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և կրթության վերաբերյալ ՀՀ մի շարք այլ օրենքներում։
Երկրաշարժի, ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարի, նոր տնտեսակարգի անցման անցյալ դարի 90-ական թվականների դժվարությունները, ապա և 2008–2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալիորեն արգելակեցին երկրի դրական առաջընթացը։ Պետությունը շատ բաներում պարբերաբար հեռացավ կրթությունից, վերջինս էլ ստիպված եղավ գոյատևել ինքնուրույն։
Ժամանակակից պայմաններում կրթությունը այլևս չի կարող մնալ ներքին շրջափակվածության և ինքնաբավարարվածության պայմաններում։ Երբեմն հնաոճ և դրանով հագեցած դպրոցական կրթության բովանդակությունը չի ապահովում շրջանավարտների հիմնային գիտելիքների ամբողջական պաշարը, այն կարևորագույն չափորոշիչները, որոնք արդի դարաշրջանի կրթության հիմքն են. հայերենի և օտար լեզուների, հիմնարար սոցիալ-հումանիտար առարկաների (իրավագիտություն, տնտեսագիտություն և պատմություն), ինչպես նաև մաթեմատիկա և ինֆորմատիկա։
Մասնագիտական կրթությունն իր հերթին դեռևս ի վիճակի չէ անհրաժեշտ չափով լուծել մասնագետ կադրերի նորի և ենթադրվելիքի բավարարող պահանջների խնդիրները։ Մյուս կողմից, բուհի բավական թվով շրջանավարտ մասնագետներ չեն կարողանում իրենց հարմար աշխատանք գտնել, կողմնորոշվել ներկայիս աշխատաշուկայում։ Բացի այդ, մի մասի ստացած կրթությունը չի բավարարում աշխատաշուկայի պահանջարկը։ Մեր հասարակության 32 տոկոսի սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, հասարակության շերտավորումը, կրթական համակարգի բոլոր թերությունները, որակյալ կրթություն ստանալը դարձել է անհավասարապես հասանելի՝ կախված ընտանիքի եկամտից։ Պակասել է հայրենիքում կրթություն ստանալու նկատմամբ վստահությունը։ Մյուս կողմից կատարյալ գիտելիքներ և դրսում մեծ համբավ վայելող բուհերում կրթություն ստացածների մի մասը մեզ մոտ դժվարությամբ են տեղավորվում աշխատանքի, մի մասն էլ լքում է հայրենիքը՝ ցածր աշխատավարձերի պատճառով։ Կարծում ենք վերջերս ՀՀ կառավարության ձեռնարկումները որոշակի բարեփոխումներ կմտցնեն այս հարցում։
Իր զարգացման անցումային շրջանում երկիրը պետք է լուծի կրթության ոլորտում հասունացած սոցիալ-տնտեսական խնդիրները՝ առաջին հերթին հենվելով հանրակրթական դպրոցում մատուցվող կրթության որակի բարձրացման վրա՝ դիտելով այն որպես ապագայի համար ներդրում։ Արագորեն զարգացող կրթական տեմպից հետ չմնալու համար թե՛ պետությունը և թե՛ հասարակությունն ու անհատ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են որակյալ կրթությամբ, գործուն աջակցություն պետք է հանդես բերեն այս գերզգայուն ոլորտին։