Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրա հետ կապված մեր առջև ծառացած է նաև հետևյալ խնդիրը՝ տարեցտարի, ընդգծված չափերով պետք է ավելացնել կրթության ոլորտի վրա կատարվող ծախսերը՝ առաջնահերթ բարձրացնելով կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը, այն կապելով նպատակադրված և ակնկալվող արդյունքների հետ, անցկացնել պրոֆեսորադասախոսական կազմի, դպրոցի տնօրենների և մանկավարժների անկողմնակալ ատեստավորում /վերջիններիս ատեստավորումն արդեն թափ է առնում/։

Պետք է կրթությունը գրավիչ դարձնել նաև ձեռնարկատերերի և այլ կազմակերպությունների ղեկավար կազմի համար, ինչը թույլ կտա մեծացնել ներդրվող ոչ բյուջետային միջոցների ծավալը կրթության ոլորտում՝ ուղղելով դրանք ուսումնական հաստատություններ։

ՀՀ կառավարությունը թեև ընդունել է ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը ու թեև վերջին տարիներին նկատվում է ծնելիության ցուցանիշի բարձրացում, սակայն սահմանամերձ գյուղերում մշտական և ճոճանակային տնտեսական միգրացիոն գործընթացների և գյուղից քաղաք ներքին միգրացիայի պատճառներով, ըստ կանխատեսման, գալիք հինգ տարիներին սովորողների թիվն այդ վայրերում հավանաբար կկրճատվի մոտ 1/6-ով, ինչը հնարավորություն չի տա ձևավորելու դասարաններ։ Միջին և ավագ դպրոցների անցնելը հնարավորություն կտա հանրակրթական հաստատությունների ցանցը առավել արդյունավետ դարձնել, իսկ ավելացած գումարներն ուղղել նորացվող դպրոցներ և այլ կրթական հատատություններ՝ դրանք ֆինանսական, ուսուցչական կադրերով ապահովելու համար։ Եթե մենք մեր սահմանները չենք ուզում բնակչազրկել, ապա հարկ է այդ դպրոցների շենքերը և կահավորանքը բերել պատշաճ մակարդակի, ապահովել բոլոր առարկաների ուսուցիչներով և վերանորոգել մշակույթի տները։

Ինչ խոսք, դրան զուգահեռ պետք է ուժեղացնել պետական մարմինների վերհսկողական ազդեցությունը սահմանված կրթական չափորոշիչներն ապահովելու համար, ինչը պետք է ենթադրի կրթության որակի բարձրացում։


1.2.5. Կրթական բարեփոխման հիմնական նպատակներն ու խնդիրները

Կրթական քաղաքականության գլխավոր նպատակը՝ հիմնարար գիտելիքների պահպանմանը զուգահեռ, անհատի, հասարակության ու պետության համար ժամանակակից որակյալ կրթության պահանջները բավարարող պայմանների ստեղծումն է, կանխատեսելի որակյալ շրջանավարտներ ունենալը։

Կրթական բարեփոխումների գործընթացը քաղաքական և համաժողովրդական խնդիր է, այն չի կարող և չպետք է ի կատար ածվի միայն գիտատեսչական նախագծերով։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կրթության ոլորտում հասարակության և պետության շահերը ոչ միշտ են համընկնում կամ բխում կրթական համակարգի հիմնական նպատակադրումներից։ Կրթական քաղաքականության ակտիվ սուբյեկտներ պետք է դառնան Հայաստանի բոլոր քաղաքացիները, նրանց ընտանիքները, ծնողները, հանրապետական, մարզային պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կրթական հաստատությունները, պրոֆեսորադասախոսական և մասնագիտաուսուցչական կազմը, գիտական, մշակութային, առևտրային և հասարակական ինստիտուտները, Հայ Առաքելական եկեղեցին։

Կրթության արդիականացման նպատակը՝ կրթության ոլորտի գործուն իրավական համակարգի կայուն, տևական զարգացման մեխանիզմների ստեղծումն է։

Նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է լուծվեն հետևյալ առաջնային և իրար հետ փոխշաղկապված խնդիրները, պետք է ապահովել՝

  • լիարժեք, ամբողջական կրթության ստացման և հասանելիության պետական երաշխիքներ։
  • Պետական և հասարակական աջակցության և պահանջկոտության ուժեղացման միջոցով՝ կրթության ոլորտի աշխատողների սոցիալական կարգավիճակի և արհեստավարժության բարձրացում։
  • Նախադպրոցական, հանրակրթության /ընդհանուր/ և մասնագիտական կրթության ձեռքբերման նորագույն և ժամանակակից որակներ։