Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունը և իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը,

7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը,

8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը,

9) ֆինանսների կառավարում, ներառյալ՝ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամաղրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը,

10) հետբուհական կրթության իրականացումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանում է կրթաթոշակներ:

Ուսման վճարի փոխհատուցում՝ նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին՝ անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), ՀՀ օրենքներով սահմանված կարգով, ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:

ՀՀ կառավարությունը հաստատում է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձևավորման հարցում:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և գործառույթները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը օտարերկրյա պետությունների կրթական կառավարման համապատասխան մարմինների հետ կնքած պայմանագրերով, համաձայնագրերով իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ ուսուցման բոլոր ձևերով, ինչպես նաև մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, օտարերկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և այլն:

Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև:

Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ: