Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու՝ երեխայի և նրա ծնողների իրավունքը: Ցանկացած երկիրը լքելու իրավունքի առթիվ գործում են միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգուկանոնի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պահպանման համար և համատեղելի են սույն կոնվենցիայով ճանաչված այլ իրավունքների հետ:


ՀՈԴՎԱԾ 11

1. Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով մասնակից պետություններն աջակցում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:


ՀՈԴՎԱԾ 12

1. Իր սեփական հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով, ազգային օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով:


ՀՈԴՎԱԾ 13

1. Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտել իր կարծիքը, այդ իրավունքը ներառում է երեխայի ընտրությամբ բանավոր, գրավոր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցների գործադրմամբ, անկախ սահմաններից, ցանկացած բնույթի տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և հաղորդելու ազատությունը:

2. Այդ իրավունքի իրագործումը կարող է ենթարկվել որոշ սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են

ա) այլ անձանց իրավունքները և հեղինակությունը հարգելու, կամ

բ) պետական անվտանգությունը և հասարակական կարգը (order public), կամ բնակչության առողջությունը և բարոյականությունը պաշտպանելու համար:


ՀՈԴՎԱԾ 14

1. Մասնակից պետությունները հարգում են մտքի, խղճի և կրոնի ազատության՝ երեխայի իրավունքը:

2. Մասնակից պետությունները հարգում են ծնողների և, համապատասխան դեպքերում, օրինական խնամակալների պարտականությունները՝ իր իրավունքներն իրականացնելիս երեխային ղեկավարելու նրա զարգացող ընդունակություններին համապատասխան մեթոդով:

3. Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պահպանման համար:


ՀՈԴՎԱԾ 15

1. Մասնակից պետություններն ընդունում են միավորումների մեջ մտնելու և խաղաղ հավաքների մասնակցելու երեխայի ազատության իրավունքը: