Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին Կոնվենցիայի նորմերը /1950 թվականի նոյեմբերի 4, Հռոմ/, որոնք սահմանում են կոնկրետ մեխանիզմներ՝ միջազգային կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով, Մարդու իրավունքների եվրոպական դատարան /Կոնվենցիայի 19-րդ հոդված և Կոնվենցիայի N1 արձանագրության հոդված-2/ ցանկացած անձի դիմելու իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր ցանկացած պետության համար: Իսկ այդ դատարանի որոշումների կատարման հսկողությունն իրականացնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն:

Այս մարմինների առկայությունը թույլ է տալիս Եվխախորհրդին ոչ միայն միասնություն մտցնել այս միջազգային կազմակերպության անդամ երկրների հասարակական հարաբերությունների իրավանորմատիվ կարգավորման մեջ, այլև ապահովել բոլորի կողմից ընդունված, տվյալ Կոնվենցիայով ամրագրված նորմերի և սկզբունքների իրագործումը:

Ինչպես ցույց է տալիս բազմամյա փորձը, Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հասցեով ընդունվում են բավականին շատ բողոքներ սովորողների և կրթական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքների խախտման մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուսումնասիրել է կրթական հարցերով մի շարք գործեր, այդ թվում՝

ա/ Կրթական գործընթացում լեզվի օգտագործման մասին Բելգիայի օրենքների մի քանի նորմատիվ դրույթների «օրինականությունը»,

բ/ Դանիայի պետական տարրական դպրոցներում սովորողների սեռական կրթությունն ապահովող առարկաների առկայությունը,

գ/ Շոտլանդիայի դպրոցներում մարմնական պատիժների կիրառումը,

դ/ Հունաստանում ազգային տոնի տոնակատարությանը մասնակցելուց հրաժարված սովորողին դպրոցից հեռացնելը (կրոնական դավանանքի պատճառով):

Բողոք բերելու պատճառ կարող է հանդիսանալ պետության, նրա իրավասու մարմինների, օրենքի, այլ անձանց կողմից ցանկացած խախտում, որն ամրագրված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության Կոնվենցիայով, նրա լրացուցիչ արձանագրությամբ: Բողոքելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի, օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ոչ կառավարական կազմակերպություններ կամ անձանց խումբ, ցանկացած մասնավոր անձ, ովքեր ենթադրում են, որ իրենց նկատմամբ կատարվել են գործողություններ, որոնք խախտում են պետության կողմից իր ստանձնած Կոնվենցիայի կատարման և պահպանման պարտավորությունները: Բողոքը գրվում է Եվրոպական խորհրդի Գլխավոր քարտուղարի անունով:

Միջազգային ակադեմիական շարժունության չափերի աճը, նրա ձևերի և բովանդակության զարգացումը կազմում են գիտության և կրթության ոլորտի միջազգային ինտեգրման գործընթացի միջուկը: Այդ գործընթացին Հայաստանի իրավահավասար և լայնամասշտաբ միացման անհրաժեշտ պայման հանդիսացավ միացումը միջազգային իրավական հիմնական ակտին, առաջին հերթին՝ ակադեմիական շարժունության կարգավորմանը: Այստեղ որոշիչ են այն նորմերն ու կանոնները, որոնք համապատասխանաբար իրագործվում են կրթության, գիտական աստիճանների և կոչումների վերաբերյալ արտասահմանում ստացված փաստաթղթերի ճանաչումը և հակառակը: Կոնվենցիաները ուսումնական դասընթացների, բարձրագույն կրթության դիպլոմների, գիտական աստիճանների ճանաչման մասին, որոնք մշակվել են UNESCO-ի կողմից աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ձևավորում են հսկայական միջազգային իրավական հիմք՝ բազմակողմանի և երկկողմանի փոխհամագործակցության համար: