Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր որոշ բաժիններում անհավասարության սոցիալական պահածոյացման և մշակութային բաժանման ներքելակ է: Հենց սա է սոցիալական ապարտեիդը:

Հիմա մենք տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ձգտում են հնարավորինս ընդլայնել բնակչության տարբեր սոցիալական շերտերի մուտքը դեպի կրթություն: Դա տեղի չի ունենում միայն այն պատճառով, որ ձախերն են պարբերաբար իշխանության գալիս, թեև իր ծագումնաբանությամբ համընդհանուր կրթությունը սոցիալիստական գաղափար է: Այժմ այն համաքաղաքակրթական է: Ինչու՞ է այդպես, որովհետև ապագա տեղեկատվական հասարակություն մուտք գործելու համար այլ ելք չկա:

Միայն քաղաքական և տնտեսական վերնախավի միջոցով դրան հասնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հավասար հնարավորությունների և անկողմնակալ մրցակցության ստեղծում այդ սոցիալական վերելակի անխափան գործունեության համար: Օրինակ, խորհրդային ժամանակներում գործող երեկոյան դպրոցները այս սոցիալական վերելակի սպասարկողներից մեկն էր, սակայն ըստ մեր կրթության մասին ՀՀ օրենքի, եթե տասներորդցին երկուսներ է ստանում, ապա նա պետք է փոխի իր կրթության ձևը, այսինքն՝ գնա մեկ ուրիշ կամ հեռակա դպրոց, որը կրթական ապարտեիդ է: Օրենսդրությամբ երեկոյան դպրոցներ նախատեսված չեն:

Երկրորդ՝ անհավասարության մեծ չափաքանակ է պարունակում այն հանգամանքը, որ դպրոցներն` ըստ աշակերտների ունեցած թվի ֆինանսավորման պատճառով տարբեր դպրոցներ հայտնվում են տարբեր իրավիճակներում, դա, ի վերջո, հանգեցնում է այդպիսի քչաքանակ աշակերտներ ունեցող դպրոցների փակվելուն ոչ միայն փոքր գյուղերում, այլև` միջին ու փոքր քաղաքներում:

Երրորդ` բուհական կրթության բաժանումը բերել է նրան, որ ուսանողները բաժանվել են սպիտակների և նեգրերի: Փաստորեն, մեկը պատրաստում է լավ տնային տնտեսուհիներ, մյուսի առաջ բացվում են բոլոր դռները: Տասներկուամյա կրթության անցման պատճառով բացի այս ուսումնական տարվանից, պետական պատվերով տեղերը քանի գնում կրճատվում են:

Չորրորդ` մասնագիտությունը որքան բարձր համարում ունի, այնքան դրանց կրթավճարներն ավելի բարձր են, իսկ հետագայում դրանք անընդհատ աճելու միտում կունենան: Ո՛չ թե որակյալ կրթությունն է թանկանում, այլ մասնագիտությունների որոշ տեսակներ դարձել են հարուստների և վերնախավի երեխաների մենաշնորհ, ովքեր հետագայում բարձր պաշտոններ զբաղեցնելով առավել մեծ շանսեր ունենալու պատճառով, այլ հնարավորություններ չեն թողնում մյուս սոցիալական շերտերի երեխաների համար:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքը, սակայն այդ երաշխիքները ոչ միշտ են ամբողջությամբ ապահովվում:

Թվարկենք այդ երաշխիքները՝

  • Կառավարությունը ստեղծում է իրավական և տնտեսական պայմաններ՝ սահմանված չափորոշիչների շրջանակներում միջնակարգ կրթության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձանց այլ աստիճանների անվճար ուսուցում ստանալն ապահովելու համար,
  • ՀՀ բոլոր քաղաքացիները հավասարապես իրավունք ունեն ընդհանուր և մրցութային հիմունքներով մասնագիտական կրթություն ստանալու՝ անկախ բնակության վայրից և ընտանիքի եկամտի չափից:
  • Ուսուցումը տարվում է պետականորեն հաստատված կրթական չափորոշիչներին համապատասխան, որով երաշխավորում է հասարակության համար անհրաժեշտ որակյալ կրթություն /թեև՝ ոչ միշտ/: Որակյալ կրթության հասանելիությունը նույնպես պետական երաշխիք է:
  • Ուսուցման ընթացքում օգտագործվող ուսումնական նյութը՝ ուսումնալաբորատոր սարքավորումները և գրադարանի ուսումնական գրականությունից օգտվելն անվճար է:
  • Ուսուցման գործընթացում սովորողի իրավունքները պաշտպանվում են, երաշխավորելով նրա հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը։
  • Երեխաների համայնքահեն կենտրոններում երեխային և նրա ընտանիքին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական հոգեբանամանկավարժական աջակցություն:
  • Երեխայի ֆիզիկական և հոգևոր զարգացման մակարդակը վաղ ախտորոշվում է: